ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եվրոպացի դաշնակիցներին կոչ կանի պահպանել կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին: Նրա խոսքով՝ իրենք չեն ցանկանում, որ Ուկրաինայի ընտրություններով ամեն ինչ ավարտված համարվի:
Ինչպես նշում է թերթը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օբաման բանակցությունների ծրագրեր դեռևս չունի, սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները կհանդիպեն ուրբաթ՝ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի առիթով միջոցառման ժամանակ, և դա կլինի ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո Օբամայի ու Պուտինի առաջին հանդիպումը:
Բացի դրանից՝ Օբամայի այցի ծրագրի մեջ մտնում է նաև Վարշավայում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումը: Ընդհանուր առմամբ ամերիկացի առաջնորդի եվրոպական շրջագայությունը 4 օր կտևի:
Հաղորդվում է նաև, որ Բրյուսելում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Օբաման համաշխարհային առաջնորդներին կոչ կանի պատժամիջոցների համար նոր շեմ սահմանել: Պատժամիջոցներն ուղղված կլինեն ռուսական տնտեսության բոլոր ոլորտների դեմ: Ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ եվրոպական իշխանությունները ուկրաինական ճգնաժամը հետևում կթողնեն և կշարունակեն փոխգործակցել Պուտինի հետ՝ ասվում է հոդվածում:








































