ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի Սպիտակ տանը միայնակ ընթրել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ով համարվում է հաջորդ նախագահական ընտրությունների հավանական թեկնածու: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ընթրիքը, որը չի եղել Օբամայի աշխատանքային գրաֆիկում, կրել է ոչ պաշտոնական բնույթ, և ոչ ոք, Օբամայից ու Քլինթոնից բացի, դրան չի մասնակցել: Երկու քաղաքական գործիչների հանդիպմանը քննարկված հարցերի մասին չի հաղորդվում:
Մայիսի կեսերին Ipsos սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ ԱՄՆ հարցված քաղաքացիների մեծ մասը Քլինթոնին համարում են 2016-ի նախագահական ընտրությունների հավանական հաղթող:
Քլինթոնն անձամբ չի հաստատել, որ կպայքարի բարձրագույն պաշտոնի համար:







































