Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կառավարությունների ղեկավարները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը խոստացել է ԵՄ անունից աջակցել Արևելյան գործընկերության պետություններին, սակայն նշել է, որ Բրյուսելը մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ:
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևի նպատակը շարունակում է եվրոպական ինտեգրացիան լինել: «Եվրոպայում չպետք է առաջանա նոր Բեռլինյան պատ»,-ընդգծել է նա կանցլերի հետ երեք վարչապետերի համատեղ ընթրիքից առաջ՝ փոխանցում է Deutsche Welle-ն:
Վրաստանի և Մոլդովայի վարչապետեր Իրակլի Ղարիբաշվիլին և Յուրի Լյանկեն նույնպես հաստատել են հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը: Նրանք պահանջել են ԵՄ-ից՝ իրենց երկրներին հետագա մերձեցման հստակ հեռանկար տրամադրել:
Իր հերթին, կանցլերը Արևելյան գործընկերության մասնակիցներին վստահեցրել է, որ նրանց երկրների բնակչությունը կարող է անձամբ ընտրել հետագա զարգացման ուղին:
Մերկելի խոսքով՝ ԵՄ-ն երկրներին չի դնի «կամ-կամ»-ի ընտրության առջև:







































