Մատակարարվող ռուսական գազի գնի համաձայնեցման դեպքում Ուկրաինան կվճարի վառելիքի բոլոր պարտքերը 10 տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը Bild-ին տված հարցազրույցում:
«Եթե մենք այդ հարցում փոխհամաձայնության գանք, ապա կվճարենք պարտքերը 10 տարվա ընթացքում: Մենք դա արդեն բացահայտ բացատրել ենք ողջ աշխարհին»,- ասել է նա:
Յացենյուկը հույս է հայտնել, որ Մոսկվան ու Կիևը կպայմանավորվեն՝ «հիմնվելով արդար շուկայական պայմանների վրա»: Նա նշել է, որ հակառակ դեպքում մայիսի 29-ին Ուկրաինան դատի կտա «Գազպրոմին»: Ըստ նրա, գազի խնդիրը Ռուսաստանի հրահրած աշխարհաքաղաքական հակամարտության միայն մի մասն է: Յացենյուկը համարում է, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միասնական էներգետիկ քաղաքականությունը գազի ոլորտում Ռուսաստանին ուղղված միակ ճիշտ պատասխանը կլինի: