ԵՄ-ն հանդես է գալիս ուկրաինական գազային շուկայի և գազի պահեստների ու փոխադրման հարցում թափանցիկության ապահովման օգտին: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում, որը հրապարակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, հայտնում է ITAR-TASS-ը:
Այս նամակն արդեն երկրորդն է, որ Բառոզուն ուղարկում է ՌԴ նախագահին՝ ի պատասխան ԵՄ անդամ առաջատար երկրների ղեկավարներին գազի հարցով Ռուսաստանի նախագահի հաղորդագրության: Բառոզուն հատուկ նշել է, որ այդ պատասխանը Եվրահանձնաժողովը պատրաստել է ԵՄ անդամ երկրների և ամբողջ Եվրամիության անունից:
«Անհրաժեշտ է կառուցողական լուծում գտնել, որպեսզի բոլոր կողմերը համաձայնեն ապահովել ուկրաինական գազային սեկտորի, ինչպես նաև այդ երկրում գազի պահեստարանների ու նրանով գազի փոխադրման մասին տեղեկության թափանցիկությունը: Այդ նպատակով «ԵՄ-ն պատրաստ է Ռուսաստանին տեղեկություն տրամադրել Ուկրաինայով անցնող գազի իրական ծավալի մասին»,- ասել է նա և հույս հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան կարճաժամկետ հեռանկարում Եվրահանձնաժողովին տվյալներ տրամադրել Ուկրաինա ներմուծվող գազի ծավալի և այդ երկրի տարածքով փոխադրման մասին:
Նրա խոսքով՝ գազի հարցով ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները ցույց են տվել իր պարտքերը մարելու ուկրաինական կողմի պատրաստակամությունը: «Շատ կարևոր է, որ կողմերը շարունակեն կառուցողական մասնակցությունը այդ բանակցություններին և համաձայնեցնեն գազի շուկայական պայմանների վրա հիմնված գինը»,- ասել է նա:
Բառոզուն նաև նշել է. «ԵՄ-ն և միջազգային դոնորներն արդեն Ուկրաինային զգալի օգնություն են տրամադրել և կշարունակեն այն»: Նա, սակայն, չի ճշգրտել՝ արդյոք Ուկրաինան կկարողանա՞ օգտագործել արտաքին դոնորների փողերը՝ պարտքը մարելու համար:
Բառոզուն հերթական անգամ կրկնել է Եվրահանձանաժողովի գլխավոր գաղափարը, որով իրենք մայիսի 2-ին գնացել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների. «Քանի դեռ եռակողմ բանակցությունները շարունակվում են, Եվրոպա գազի հոսքը չպետք է դադարի»: Այս առիթով նա նշել է. «Գազպրոմի» պատասխանատվությունն այն է, որ ապահովի պայմանագրերում նշված մատակարարումները»:
Գազի մատակարարման հնարավոր ընդհատումների դեպքում ԵՄ-ն հույս ունի, որ «Ռուսաստանը նախապես վաղ նախազգուշացման մեխանիզմ կկիրառի»:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված հատուկ ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հիասթափված է Ուկրաինայի գազային պարտքի խնդրի լուծման ուղղությամբ ԵՄ-ի կողմից կոնկրետ առաջարկների բացակայությունից և այդ իրավիճակը հարթելու ուղղությամբ եվրոպական երկրների կողմից ավելի ակտիվ գործողությունների հույս ունի:







































