«Շատ բարև ձեզ, չվախենաք, տունս ջրի մեջ ա, երեխես ամբողջ օրը հիվանդանոցներն ա, էս խոնավության մեջ իմ երեխեն քնում է: Հինգ տարեկան երեխես ամսվա մեջ հինգ անգամ հիվանդանոցներն ա»,- «Առաջին լրատվական»-ին այսպես դիմավորեց Սևանում տրեստի հանրակացարանում 16 քառակուսու վրա ապրող Փառանձեմ Հակոբյանը՝ ցույց տալով հինգամյա թոռնիկին՝ Գոռին, ում օրերս են դուրս գրել հիվանդանոցից:
Երեխան խոնավ ու ցուրտ տանը երիկամների հիվանդություն է ձեռք բերել: 92 թվականից հանրակացարանի 16 քառ. մետրի վրա տիկին Փառանձեմն ապրում է աղջկա և թոռնիկի հետ: Տանն ապրում են փաստացի գրանցումով:
«Պետությունը միանգամից մեծ փոս պետք է փորի, տրակտորով, բոլորին հավաքի, հողն էլ լցնի վրաներս»,- ասաց նա՝ հավելելով, որ տան միակ եկամուտը 22000 դրամ նպաստն է, որը չստացած վերջանում է կուտակված պարքտերի պատճառով:
Ցուրտ և խոնավ հանրակացարանը շատերն են լքել: Շատերը, հարևանների պատմելով, հնարավորություն են գտնում փախչել Հայաստանից Ռուսաստան, որ գոյություն պահպանեն:
Տիկին Փառանձեմը ցույց տվեց անկողինը, որտեղ ներքնակը բորբոսնել էր, իսկ Գոռը ստիպված է դրա վրա քնել:
«Խոնավորության մեջ ահավոր է ապրել, ամբողջ շորերը բորբոսնում են: Բացեցի մեր շորերի ճամպրուկը, տեսա բորբոսները, դրել եմ լաց եղել»,- ասաց նա՝ բերելով ճամպրուկը և ցույց տալով բորբոսները:
Գոռին ինչ-որ մեկը տաբատ էր տվել, որ հենց մեծանա հագնի, տաբատը նույնպես բորբոսներ ուներ:
Ծանր վիրահատությունից հետո տիկին Փառանձեմը չի կարողանում աշխատել, մինչև վիրահատությունը Սևանի ափերին է աշխատել, սակայն հիմա չի կարողանում աշխատել, սկսել է ուռել վիրահատությունից հետո, պատճառը չի իմանում՝ ինչու:
«Երեխայի լյարդը մեծացել է»,- ասաց տիկին Փառանձեմը, իսկ հինգամյա Գոռը ասաց, որ բժիշկները լավը չեն, քանի որ իրեն «սրսկում» են:
Երեխան նշեց, որ շատ է ուզում գնալ մանկապարտեզ, իսկ տատիկն էլ հավելեց, որ ամսական 7000 դրամ չունենալու պատճառով չեն կարողանում մանկապարտեզ տանել Գոռին, անգամ մի շոր չի կարողանում գնել նրա համար:
Նա ցույց տվեց պարտքերի ցուցակը, խանութը նախկինի պես չի կարողանում սնունդ տալ պարտքով, միայն հաց է տալիս, իսկ պարտքերը մարելը երբեմն անհնար է լինում: Ծախսած Էլեկտրաէերգիայի գումարն էլ մի կողմից էր վշտացրել առանց այն էլ վշտացած կնոջը…









































