Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, կայացավ նախնական դատական նիստ` քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի` բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցադիմումի գործով:
Հայցվոր Հրանուշ Խառատյանը և հայցվորի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը կասկածի տակ են դրել, թե արդյոք պատասխանող կողմի ներկայացրած լիազորագրում առկա ստորագրությունն իսկապե՞ս Ռուբեն Հայրապետյանի ստորագրությունն է, և դատարանին խնդրել են միջնորդություն` ներկայացնելու նոտարական կարգով վավերացված ստորագրություն, կամ պատասխանողն անձամբ ներկայանա:
Հրանուշ Խառատյանը պահանջը հիմնավորեց հետևյալ կերպ. Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցում նա Դոդի Գագո էր անվանել Գագիկ Ծառուկյանին, հետո Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը հերքեց, թե Ռուբեն Հայրապետյանն այդպիսի բան է ասել:
Նա նշեց, որ կարող են առաջիկայում խնդիր ունենալ տարբեր տեսակի փաստաթղթերի հետ:
Պատասխանողի ներկայացուցիչ Սայաթ Բադալյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանի անձամբ ներկայանալու վերաբերյալ միջնորդությանը դեմ է, նման միջնորդությունը չի կարող բավարարվել:
Դատավորը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, և նիստը տեղափոխվեց
նոյեմբերի 22-ին: Պատասխանող կողմը պետք է ներկայացնի նոտարական կարգով վավերացված լիազորագիր, որում առկա ստորագրությունը պետք է պատկանի պատասխանողին:
Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վահե Ավետյանի անմարդկային սպանությունից հետո ես անձամբ Ռուբեն Հայրապետյանին առաջարկել եմ գալ և օգնել իրավապահ մարմիններին` պարզելու իրականությունը:
Հիմա Արմեն Աշոտյանն է ասում, որ Վահե Ավետյանի դեմ ամբողջ շարժումը քաղաքական է, իսկ ո՞վ կարող է ասել` պարոն Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հայացքը որն է, ի՞նչ կողմնորոշում ունի. նա չունի որևէ քաղաքական հայացք: Ռուբեն Հայրապետյանը մի ձգտում ունի`լինել մոնարխ իշխանություն, և ինքը մոնարխի իշխանության բարեհաճությունը վայելի:
Պարոն Հայրապետյան, մարդ եղիր, արի՛ դատարան, օգնի՛ր գործը բացահայտելու, այլապես առնետի նման փախաք Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ, այստեղ ինչից եք ուզում փախչել: Իմ ասածը մեկն է` մեղք է պարոն Հայրապետյանը, բերեք դատարան, բոլոր կասկածները փարատվեն, ցույց տվեք հրապարակավ, որ նա անմեղ է: Բա մեղք չէ՞ այդ մարդը, բա չգա՞ դատարանում պարզի իր անմեղությունը, բա մենք շարունակենք մոլորվա՞ծ մնալ»,- ասաց Հրանուշ Խառատյանը:









































