Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցական ժողովի ժամանակ սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Դրա պատճառն այն էր, որ ընդդիմադիր գործիչը քննադատել է երկրի տնտեսական քաղաքականությունը: Ի պատասխան՝ Էրդողանը թվարկել է Թուրքիայի տնտեսական նվաճումները և մասնավորապես Fitch-ի կողմից Թուրքիայի վարկանիշի բարձրացումը, ապա նաև Քըլըչդարօղլուին անվանել է «անբախտ բեդվին»:
Քըլըչդարօղլուն իր հերթին կուսակցական ժողովի ժամանակ խստորեն հակադարձել է Էրդողանին. «Նա ինձ անվանել է անբախտ բեդվին: Մի՞թե ես էի զբոսնում Լիբիայի տափաստաններում: Մի՞թե ես էի զբոսնում Սիրիայում և ընդհանրապես` Արաբստանի տափաստաններում: Դու չէի՞ր, որ զբոսնում էիր Սիրիայի, Լիբիայի, Արաբստանի տափաստաններում: Շրջվի՛ր և հայելուն նայի՛ր, և դու այնտեղ կտեսնես անբախտ բեդվինին:
Թուրքիայում յուրաքանչյուր 100 քաղաքացիներից 63-ը երկու օրում չեն կարողանում մեկ անգամ միս ուտել: Յուրաքանչյուր 100 քաղաքացիներից 37-ը չի կարողանում ջեռուցել իր տունը: Այս տվյալները ես չեմ ասում, սրանք պետական-պաշտոնական տվյալներ են: Իսկ հարկային բեռն ո՞ւմ մեջքին է ծառացած: Գյուղատնտեսության դրությունը ծանր է:
Մեզ անհրաժեշտ է նոր տնտեսական, ֆինանսական ու դրամային քաղաքականություն: Եթե անգամ Թուրքիան մտնի տնտեսական առումով աշխարհի առաջատար 10 երկրների մեջ, ապա միևնույն է` նա պետք է լուծի իր էներգետիկ խնդիրները: Եթե այսօր մենք փչացնենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, ապա 73 միլիոն մարդ ձմռանը կմնա սառած»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գազամատակարար երկիրն է, ով մատակարարում է Թուրքիայում սպառվող գազի 60-65 տոկոսը: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները շարունակաբար պայթեցնում են Թուրքիայի մյուս երկու հիմնական գազամատակարար երկրներից՝ Իրանից ու Ադրբեջանից եկող գազատարները («Թավրիզ-Էրզրում» (Անկարա) և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում»), և այդպիսի իրավիճակում Թուրքիան խնդրանքով դիմում է ռուսական «Գազպրոմին»՝ ավելացնելու համար իր գազամատակարարման ծավալը:









































