Սիրիայի «վտարանդի կառավարությունը» կձևավորվի արդեն դեկտեմբերին: Այս մասին տեղեկացրել է բրիտանական BBC ռադիոկայանը՝ հղում կատարելով այսօր Քաթարում բացված սիրիական ապստամբների միացյալ ընդդիմության հավաքում հնչած հայտարարություններին: Հավաքը տևելու է չորս օր:
Ենթադրվում է, որ հանդիպման արդյունքում կձևավորվի ընդդիմության ուժերի նոր կենտրոն, որն էլ կփոխարինի այժմ գորժող Սիրիայի ազգային խորհրդին:
Ռադիոկայանի տվյալներով՝ «մոտ օրերս պետք է սպասել սիրիական ընդդիմության կառուցվածքային ամբողջական փոփոխությանը, որտեղ ավելի լայնորեն կներկայացվեն այն խմբերը, որոնք այժմ գործում են Սիրիայում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս: Միաժամանակ կընտրվի ընդդիմության նոր առաջնորդ, որը հավանաբար կդառնա Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայտնի գործարար և այլախոհ Ռիադ Սեյֆը»:
Ինչպես հայտնի է դարձել, 66-ամյա Սեյֆն անցած հինգշաբթի օրը Հորդանանում մասնակցել է սիրիական ընդդիմության 20 առաջնորդների գաղտնի հանդիպմանը, որտեղ համաձայնեցվել են հիմնական հարցերը, որոնք այսօր առաջ են քաշվել միացյալ հավաքի ժամանակ: ԵՄ դիվանագիտական շրջանակներում նշվում է, որ Սեյֆի, որպես Սիրիայի «վտարանդի կառավարության» ապագա առաջնորդի, թեկնածությունը հավանության է արժանացել:
BBC-ին տված հարցազրույցում այլախոհը նշել է, որ «շտապ այլընտրանք է հարկավոր ներկայիս իշխող կառավարության ռեժիմին (նախագահ Ասադին)»: «Մեր առջև այժմ դրված է այնպիսի կառավարող օրգանի ընտրության հարցը, որը կներկայացնի բոլոր սիրիացիներին այն պահին, երբ Դամասկոսում կտապալվի գործող ռեժիմը,- ասել է նա:









































