1990թ. այս օրը Երևանում տեղի ունեցավ Թեքեյան մշակութային միության հիմնադիր համագումարը:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը ծրագրեր է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտներում: Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններ, մշակութային, կրթական, գիտական, մարզական հաստատություններ, որոշ դեպքերում նաև ֆիզիկական անձիք: Հավանական շահառուները տրամադրում են տեղեկություն իրենց կազմակերպության վերաբերյալ և ներկայացնում իրենց ծրագրերը, ինչի հիման վրա էլ հանձնաժողովը կատարում է իր ընտրությունը:
Հիմնադրամի հիմնական շահառուներից է Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում գտնվող Վահան Թեքեյանի անվան դպրոցները: Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը մեկն է 1947թ. Բեյրութում հիմնադրված և ներկայում աշխարհի 17 երկրներում գործող համանուն կառույցներից: Հայաստանում այն իր գործունեությունն սկսել է 1990թ.:
Միությունն իր կարևոր տեղն ունի Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում: Աչքի է ընկնում իր ծրագրերի և միջոցառումների բազմազանությամբ և հնչեղությամբ, որոնց մեջ հատկապես կարևորվում են «Վահան Թեքեյան» ամենամյա եև «Հայկաշեն Ուզունյան» երկամյա մրցանակաբաշխությունները: ՀԹՄՄ-ն ամեն տարի կազմակերպում է մշակույթի, գիտության, ինչպես նաև հասարակական-քաղաքական երևելի գործիչների մեծարման երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ:









































