Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը միանգամից երկու աստիճանով (BВВ-ից A-) իջեցրել է կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա արտադրող Panasonic ընկերության երկարաժամկետ կորպորատիվ վարկային վարկանիշն ու առաջնահերթ չապահովված պարտավորությունների վարկանիշը: Այս մասին հաղորդվում է գործակալության մամլո հաղորդագրությունում: Կորպորատիվ վարկանիշի կանխատեսումը «կայուն» է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Standard & Poor’s-ը կարծում է, որ այնպիսի մեծ կորուստները, որոնք Panasonic-ն է գրանցում արդեն երկրորդ տարին անընդմեջ, կարող են թուլացնել ընկերության ֆինանսական պրոֆիլը և դժվարացնել առաջիկա տարիներին ձեռնարկության շահութաբերության վերականգնման գործընթացը»,-ասված է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ գործակալության վերլուծաբանները նշում են, որ Panasonic-ի վարկանիշների կայուն կանխատեսումը իրենց հույսերն է արտացոլում առ այն, որ ընկերությունն առաջիկա մեկ կամ երկու տարվա ընթացքում կպահպանի դրամական հոսքի ծավալի կայունությունը: S&P-ի փորձագետների կարծիքով՝ դա տեղի կունենա առաջին հերթին ընկերության ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ճապոնական Panasonic կորպորացիայի բաժնետոմսերի արժեքն ընկել է 19%-ով, երբ ընկերությունը հաղորդել է, որ տարեկան 765 մլրդ իենի (մոտ10 մլրդ դոլար) կորուստ է ակնկալում: Panasonic-ի մեկ բաժնետոմսի գինը նվազել է՝ հասնելով 414 իենի: Ընկերության կապիտալիզացիան մեկ օրում ընկել է մոտ 3 մլրդ դոլարով: Դա վերջին 38 տարում ընկերության բաժնետոմսերի արժեքի ամենախոշոր անկումն է՝ նշում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ 1950 թվականից առաջին անգամ ընկերությունը որոշել է չվճարել շահաբաժինները:
Տարեկան կորուստների մասին ընկերության կանխատեսումը 30 անգամ գերազանցում է վերլուծաբանների սպասումները: Վերջին տարում Panasonic-ը կրճատել է 39 հազար աշխատատեղ:









































