Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են, մասնավորպես, 1920 թվականին արաբների ապստամբությունը ճնշելու նպատակով մանանեխի գազ կիրառելու Ուինսթոն Չերչիլի հրամանին: Չերչիլը, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի կառավարության ռազմական նախարարն էր, հեռագրերում հրամայել է ապստամբների դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած մանանեխի գազով հազարավոր ռումբեր օգտագործել, հայտնում է Ria Novosti-ն:
«Եթե գազային ռումբերը հասանելի լինեն տեղում, կամ անհրաժեշտ լինի դրանք բերել, դրանք, անշուշտ, պետք է օգտագործվեն արտակարգ իրավիճակից խուսափելու համար…
Գլխավոր հրամանատարը պետք է պաշտպանի իր դիրքերը՝ ինչ զենք էլ ունենա»,- գրել է Չերչիլը Մեծ Բրիտանիայի գլխավոր հրամանատար Փերսի Քոքսին հասցեագրված նամակում:
Ըստ արխիվների՝ այդ ժամանակ Բրիտանիայի բանակը Միջագետքում 19500 գազային ռումբ է ունեցել, ավելի ուշ հրամանտարները պահանջել են Եգիպտոսից լրացուցիչ 15000 ռումբ բերել:
Հիշեցնենք՝ Միջագետքի (Իրաքի ներկայիս տարածք) արաբները 1920 թվականի գարնանը բրիտանական իշխանության դեմ ապստամբություն են բարձրացրել՝ անկախություն պահանջելով: Նույն թվականի աշնանը անգլիացիներն ուժային միջոցներով ճնշել են ապստամբությունը: Մեծ Բրիտանիայի գնահատմամբ՝ ապստամբության ժամանակ մոտ 10 000 արաբ է զոհվել: 1921 թվականին հայտարարվել է Իրաք պետության ստեղծման մասին:










































