«168 ժամ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը պաշտոնանկ արվեց, մի քանի օր անց ԱԺ-ն կհաստատի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը, և քաղաքական կյանքը կվերադառնա նախկին՝ բնականոն հուն: Իրականում այն այդ հունից դուրս էլ չէր եկել, պարզապես իշխանությունը հասկացավ, որ նախկին՝ տարիներ շարունակ քարացած վիճակը կարող է վտանգավոր դառնալ, և փոփոխությունների իմիտացիա կազմակերպեց: Բայց այնպես չէ, որ կարելի է Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը հաստատել ու գնալ Դուբայ հանգստանալու՝ քաղաքական դաշտը թողնելով անտեր, առանց կառավարելի ինտրիգների: Այդ դեպքում հանկարծ այն կարող է լցվել որևէ իրական քաղաքական բովանդակությամբ, ինչն իշխանությանն ամենաքիչն է պետք: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը՝ այդ տեղը դատարկ չթողնելու համար: Մեծ փոփոխություններից հետո կազմակերպում է ավելի մանր, բայց դիտարժան ինտրիգներ: Հենց դրանց շարքին պետք է դասել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ առաջիկա տասը տարում քաղաքականությամբ զբաղվողներին Մելիք-Ադամյան փողոց ուղարկելու մասին, և, որ ավելի կարևոր է՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ուղղված Շարմազանովին: «Այնպես որ, կարող եմ ասել, այս ընտրությունները, դա կլինի խորհրդարանական թե նախագահական, որ, ասենք թե, այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,- հայտարարեց ԲՀԿ նախագահը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունն իջեցվել է Ծառուկյան-Շարմազանով մակարդակի: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական ճաշակի և, ինչպես երեկ ինքն է ասել, արժանապատվության հարցն է: Չարժե անդրադառնալ նաև այն աննշան դիպվածին, թե ինչպես էր նույն միջոցառման մասին պատմող տեսանյութում այդ խոսքերն արտասանելիս՝ մեղմ ժպտում Գագիկ Ծառուկյանը՝ փորձելով ցույց տալ դեմքի հեգնական արտահայտություն, որն իրականում ավելի շատ հիշեցնում էր ակնարկ՝ «ինձ սխալ չհասկանաք» մոտիվներով:
Ծառուկյանի այս հայտարարությունը երեկվանից որոշակի աշխուժություն է առաջացրել քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում: Հիմնական լեյտմոտիվն այն է, թե Ծառուկյանն, ահա, դուրս է գալիս ՀՀԿ-ի դեմ, նա ասաց իր խոսքը, ու այլևս հետդարձի ճանապարհ չկա: Իրականում, սակայն, Գագիկ Ծառուկյանը մինչև ապագա իշխանության երթուղուն անցելն արել է շատ ավելի կարևոր հայտարարություն, որը շատ պատահաբար ու, բնականաբար, ոչ միտումնավոր, դուրս է մնացել ԲՀԿ-ի «վճռականությամբ» ոգևորվողների ուշադրությունից: «Մենք մեր սկզբունքները, մեր մոտեցումները, ես՝ անձամբ, ոչ մի բան չի փոխվել: Ինչ որ ասել ենք համագումարում, կետ առ կետ պահել ենք: Ու դա մինչև վերջ ես պահելու եմ պահպանեմ, իմ արժանապատվության խնդիրը ես ոչ մի բանի հետ չեմ փոխելու»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:










































