Ֆինլանդիան ճանաչվել է լավագույն երկիրը մայրերի ու երեխաների համար: Արդեն երկրորդ տարին անընդմեջ երկիրը գլխավորում է «Փրկեք երեխաներին» (Save the children) միջազգային հասարակական կազմակերպության վարկանիշային աղյուսակը, որը կազմվել է 178 պետությունների տվյալների հիման վրա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գնահատումը կատարվել է 5 հիմնական կատեգորիայում՝ մայրերի առողջական վիճակ, երեխաների վաղ մահվան ռիսկ, կրթության մակարդակ, երկրում եկամուտների մակարդակ, կանանց քաղաքական վիճակ:
Ֆինլանդիան ոչ մի կետով առաջին տեղը չզբաղեցնելով հանդերձ՝ միակ երկիրն է դարձել, որը հայտնվել է բոլոր անվանակարգերի 15 լավագույնների թվում: Գլխավոր գործոններից մեկը, որ հաշվի է առնվել վարկանիշում, երեխաների մահացության մակարդակն է, որը երկրում ամենացածրն է:
Մայրության համար ամենալավ պայմաններն ունեցող երկրների թվում են նաև Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Դանիան:
Վերջապահների թվում են Հարավային Սահարայի երկրները, ցուցակը եզրափակում է Սոմալին:







































