ԱՄՆ-ը համաձայն չէ Ռուսաստանի դիրքորոշման հետ Ուկրաինայի հարցում և մտահոգված է հարևան երկրի նկատմամբ նրա գործողություններով, սակայն Ռուսաստանին չի համարում իրեն հակառակորդ, առավել ևս՝ թշնամի: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին՝ գրում է ITAR-TASS-ը:
Քիրբին մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի այն արտահայտությունը, թե ՆԱՏՕ-ն հետայսու ստիպված կլինի Ռուսաստանին դիտարկել որպես հակառակորդ:
«Այնպիսի երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանն է կամ Չինաստանը, հարաբերություններն ավելի լայն և երբեմն բարդ բնույթ են կրում: Սակայն ոչ մի պատճառ չկա՝ Ռուսաստանին մեզ թշնամի համարելու համար: Ոչ մի պատճառ չկա, որպեսզի Ռուսաստանը մեր թշնամին դառնա, եթե, իհարկե, ինքը դա չցանկանա»,- հստակեցրել է նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ թշնամիներին, ապա «նրանք գտնվում են Աֆղանստանում»՝ հավելել է կոնտր-ծովակալը:







































