ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի միջազգային հանձնակատար Լախդար Բրահիմին կոչ է արել Չինաստանին Սիրիայում բռնության կասեցման համար ավելի ակտիվ քայլերի դիմել:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Բրահիմին այսօր այցելել է Պեկին և բանակցություններ է վարել Չինաստանի ԱԳՆ ղեկավար Յան Ցզիի հետ: Հանդիպումը կայացել է Սիրիայում զինանդադարի ձախողումից հետո:
Չինաստանը Ռուսաստանի հետ արդեն երեք անգամ արգելափակել է արևմտյան երկրների առաջարկները, որոնք պետք է ճնշում գործադնեն սիրիական նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի վրա:
Երկուշաբթի Բրահիմին բանակցություններ է վարել Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը համարվում են ներկայիս սիրիական ռեժիմի գլխավոր հենարանը:









































