ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսքն ուղղեց ԱԳ նախարարին: «Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին պաշտոնական ուղերձ է հղել, որին Երևանը պատասխանել է, որ դա Ցեղասպանության մերժման նոր ձև է: Բնականաբար, կիսում եմ այս կարծիքը, ցավալի է, որ 99-րդ տարելիցին նման բան է տեղի ունենում, բայց տեսեք, որ այդ պատասխանից հետո նա շարունակում է խոսել, հիացած լինել իր իսկ ուղերձով, ավելին՝ երեկ արել է հերթական հայտարարությունը, թե՝ քանի որ Թուրքիայում ապրել են հայեր, դա վկայությունն է, որ Ցեղասպանություն չի եղել»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե արդյոք այս հայտարարությանը արձագանք չի՞ լինելու:
ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ի պատասխան՝ նշեց, որ այսօր մեծ թվով հրեաներ են ապրում Գերմանիայում, բայց չի կարծում, որ որևէ մեկը կհանդգնի հարցականի տակ դնել Հոլոքոստը: «Թուրքիան ճիշտ կաներ, հետևելով Գերմանիայի օրինակին, ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր: 1915 թվականին Թալեաթը Գերմանիայի գլխավոր հյուպատոսին ասում էր՝ Հայկական հարց չկա, որովհետև այլևս հայ չկա: 99 տարի անց հայ ժողովուրդը միջազգային հանրության հետ պայքարում է, որ մարդկության դեմ նոր հանցագործություններ չկրկնվեն, և սպասում է Թուրքիայից քաղաքակիրթ քայլերի»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը, առիթն օգտագործելով, նաև ցանկացավ լսել նախարարի տեսակետը հետևյալի մասին. մի քանի օրից Ադրբեջանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը, իսկ վերջին մի քանի օրերին տեսնում ենք, թե ինչպիսին է այնտեղ մարդու իրավունքների վիճակը և քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ են ձերբակալված, մեղադրված կամ ծեծված: «Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այդ մասին, արդյոք չե՞ք պատրաստվում բարձրաձայնել այս խնդիրը»,- ասաց նա:
Նալբանդյանն արձագանքեց, որ դրա մասին բարձրաձայնել են հենց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները: «Գիտեք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել հիմնարար ազատությունների, հատկապես՝ խոսքի ազատության և ընդհանրապես Մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում իրավիճակի վատթարացման վերաբերյալ, իսկ մենք լավ գիտենք, որ հայատյացությունը, խտրականությունը դարձել են սովորական երևույթ Ադրբեջանում: Ես կարծում եմ՝ ոչ միայն ԵԽ-ում նախագահությունը, այլև այդ կազմակերպությունում անդամակցությունը պատիվ չի բերում այդ կարևոր կառույցին»,- ասաց նա:










































