«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կրկին փորձություն դարձավ քաղաքական դաշտի և հատկապես ոչ իշխանական հատվածի համար։ Հերթական անգամ «արյան կանչով» իշխանության գիրկը նետվեցին իր տեղն ընդդիմադիր դաշտում ապահոված ԲՀԿ-ն և օրերս ընդդիմության մկրտությունն ստացած ՕԵԿ-ը:
Եթե ՕԵԿ-ի դավաճանությունը սովորականի պես ընկալվեց, ապա ապշեցնող էր ԲՀԿ-ի պահվածքը. պարզվեց, որ ոչ վաղ անցյալում գործադիր իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանի բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ի նախընտրած ԱԺ նախագահի թեկնածուն իշխանության թեկնածուն է։ Այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն ոչ միայն դավաճանեց դաշնակիցներ՝ հրաշալի քառյակի մաս կազմող կուսակցություններին և մասնակցեց խորհրդարանի խոսնակի ընտրությանը, այլև մոտ 30 հոգով միաձայն քվեարկեց ոչ թե Հրանտ Բագրատյանի, այլ Գալուստ Սահակյանի օգտին։ Քանի որ առանց նման «պադդերժկայի» անհնար կլիներ Գալուստի համար 101 կողմ ձայն ապահովել խորհրդարանում, և վտանգ կար, որ ներկա 68 հանրապետականները «պրավալ» կտան իշխանության կարևոր օպերացիան։ ԲՀԿ-ից խմբակցության պաշտոնական տեսակետ ներկայացվեց, թե իրենք այդքան էլ չեն կարևորում այդ ընտրությունը և ազատ են թողել դրանք, իսկ քառյակի հետ միասնական թեկնածու չառաջադրելու վերաբերյալ էլ նույն չհիմնավորված լոլոներն էին տարածում, թե քառյակում չեն քննարկել այդ հարցը։
Քառյակն ըստ ամենայնի ստեղծվել էր միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, որովհետև վերջինի պաշտոնանկությունից հետո այն անգործության է մատնվել, և որևէ միասնական օրակարգ, անգամ ԱԺ նախագահի ընտրության անշառ հարցը չեն կարողանում ձևավորել։
ԲՀԿ-ի լեդին այնպես էր ահաբեկել կուսակիցներին, որ ընտրությունից հետո բոլորը միաբերան մեր հարցերին ի պատասխան կամ կրկնում էին վերջինի խոսքերը, կամ էլ ուղղորդում դեպի նա։ Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը մեր հարցին, թե ինչ արժանիքներ ուներ Գալուստ Սահակյանը, որը չունի Հրանտ Բագրատյանը, կմկմաց, թե քվեարկությունը գաղտնի է, և ինքը որևէ բան ասել չի ցանկանում։ ԲՀԿ-ական պատգամավորն անդրդվելի մնաց նույնիսկ այն պարագայում, երբ բացատրեցինք, որ ընտրության արդյունքներից ակնհայտ է, թե ում օգտին են իրենք քվեարկել։
Մեր հաջորդ հարցն էր, թե իշխանության մեջ Տիգրան Սարգսյանից բացի կա՞ մեկը, որի դեմ ԲՀԿ-ն կարող է ուղղել իր քննադատությունը։ «Մենք քննադատել ենք կառավարությանը, և եթե այս կառավարությունն էլ նույն գիծը վերցնի, բնականաբար, ԲՀԿ-ն արտահայտելու է այն դիրքորոշումը, ինչը նախորդ ժամանակ։ Բայց տեսաք՝ Սևանի մասին օրինագծի վերաբերյալ մեր առաջարկը կառավարությունը բավարարեց, ինչպե՞ս կողմ չքվեարկեինք»,- նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին գովելու հերթական շանսը բաց չթողեց հերթական ԲՀԿ-ականը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:









































