Գործատուները դժգոհում են կենսաթոշակային բարեփոխումներից և դրանից բխող` 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» օրենքից: Այսօր Առևտրաարդյունաբերական պալատում հրավիրված քննարկմանը գործարարները դժգոհեցին, որ «Եկամտային հարկի մասին» օրենքն ընդունվել է առանց հասարակական լսումների:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը շտապեց մանրամասնել կենսաթոշակային բարեփոխումներն ու դրանից բխող` «Եկամտային հարկի մասին» օրենքի դրույթները: Եթե այսօր աշխատողի աշխատավարձից երեք հարկատեսակ է վճարվում, ապա հունվարի 1-ից դրանք միավորվում են, և գործատուն մեկ ընդհանուր հարկ է վճարում աշխատողի աշխատավարձից: Որպեսզի աշխատողը մաքուր 35 հազար դրամ աշխատավարձ ստանա, ապա գործատուն պետք է նրա աշխատավարձը գրանցի 46 հազար դրամ, 60 հազար դրամ ստանալու համար` 73 585 դրամ:
Քննարկման մասնակիցները մտավախություն ունեն, որ բարձր աշխատավարձ ստացողներին հունվարի 1-ից գործատուները կարող են ազատել աշխատանքից և ցածր աշխատավարձով ընդունել` հարկերից խուսափելու համար: Այս դիտարկմանն ի պատասխան` Հակոբ Հակոբյանը ասաց. «Լավ, ընդունենք երկու հոգի էլ աշխատանքից ազատեցին, ի՞նչ անենք, էդ համակարգն էդ երկու հոգու համար չկիրառե՞նք: Այսօր մենք Աշխատանքային օրենսգրքով գործատուին տվել ենք իրավունք` ցանկացած աշխատավարձ նշանակելու և մարդկանց աշխատանքից ազատելու: Եթե երկու հոգի էլ նման քայլի դիմեն, մենք ի՞նչ անենք»:
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արման Պողոսյանն էլ նշեց, որ գործատուն որևէ շարժառիթ չունի նման սցենարի դիմելու: Նա նշեց` եթե այսօր 60 հազար դրամ աշխատավարձ վճարելու համար գործատուն աշխատողի աշխատավարձը գրանցում է 73 հազար դրամ, ապա նոր օրենքով դա կկազմի 72 585 դրամ: Այսինքն` գործատուն վճարելու է ընդամենը 585 դրամ ավելի հարկ, որի 20 տոկոսն էլ, ըստ ֆիննախի պաշտոնյայի, սուբսիդավորելու է պետությունը:
Անդրադառանալով կենսաթոշակային բարեփոխումներին և ներդրվելիք պարտադիր կուտակային համակարգին` Հակոբ Հակոբյանը նշեց, որ կենսաթոշակի համար աշխատողների վճարած գումարն ու պետության սուբսիդավորումը տնօրինելու է ոչ թե պետությունը, այլ մասնավոր կուտակային ֆոնդերը:
«Մենք գնում ենք նրան, որ պետական համակարգը ոչ թե հարց լուծող, այլ վերահսկող ու պահապան դառնա: Մենք էդ գումարներն էլ չենք վստահել պետությանը, ասում ենք` պետութուն, դու լավ տնտեսվարող չես, մենք կտանք հատուկ ֆոնդերի, մասնավոր մարդու: Թե ով է լինելու մասնավորը, ապա ասեմ, որ հայ չի լինելու: Դրանք լինելու են աշխարհում հայտնի ընկերություններ, օրինակ` HSBC բանկը: Ես այդ անունը պատահաբար չտվեցի»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Քննարկմանը ներկա գործարարներն ու աշխատողները դժգոհեցին, որ դարձյալ բանկերին են վստահելու գումարը: Նրանք հիշեցին, որ դեռևս ԽՍՀՄ տարիների ավանդներ ունեն բանկերում, որոնք չեն կարողանում ստանալ:
«Եթե այս հասարակարգն էլ փլուզվի, ումի՞ց ենք պահանջելու մեր գումարները»,- հարցադրում արեցին նրանք: Ի պատասխան` Հակոբ Հակոբյանն ասաց. «Եթե ռեալ ենք մտածում, որևէ երաշխիք չկա: Եթե պետությունը վերանա, Աստված չանի, ի՞նչ արած` չկա, չկա»:









































