Խորհրդարանում այսօր շարունակվել է համակարգային միասնության շքերթը, և 69 մանդատ ունեցող ՀՀԿ-ի թեկնածու Գալուստ Սահակյանը 101 ձայն է ստացել իր օգտին ու նշանակվել Ազգային Ժողովի նոր նախագահ:
101 ձայն է ստացել այն ՀՀԿ-ի թեկնածուն, որը, կրկնում ենք, 69 մանդատ ունի, և որը, ըստ խիստ հավաստի պնդումների, մնացել է միայնակ, և որի վերջը, կրկին ըստ այդ պնդումների, եկել է:
Եթե Գալուստ Սահակյանին վերագրենք նաև նոր ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ի ձայները, դե, կարող է պատահի՝ ՕԵԿ-ը դեռ նոր ընդդիմադիր է և մեկ-մեկ կմոռանա, որ ընդդիմադիր է ու կքվեարկի իշխանությունների օգտին, ապա ստացվում է ընդամենը 75 ձայն, որովհետև ՕԵԿ-ն ընդամենը 6 մանդատ ուներ ԱԺ-ում: 101-ից երբ հանում ենք 75, կարծես թե ստացվում է 26: Այսինքն՝ ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից բացի՝ 26 մանդատավոր էլ քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:
Որտեղի՞ց են այդ 26 մանդատները, եթե նկատի ենք առնում նաև, որ ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին ընտրություններին չմասնակցելու մասին: ՀԱԿ-ից, իհարկե, երկու հոգի քվեարկել է՝ Բագրատյանն ու Փաշինյանը, սակայն նրանք քվեարկել են Բագրատյանի օգտին, այսինքն՝ նրանց քվեարկությունը չի հաշվվում ՀՀԿ-ի թեկնածուի կողմում:
Կարծում ենք՝ ավելի մանրամասն թվաբանության կարիք չկա, քանի որ պարզից էլ պարզ է, որ մնացած 26 մանդատի, այսպես ասած, առյուծի բաժինը պատկանում է խորհրդարանական այլընտրանքի, ոչիշխանական քառյակի առաջատարին, Տիգրան Սարգսյանի ծվենները քամուն տված ընդդիմադիր ԲՀԿ-ին, որի խմբակցության երևի թե կեսից ավելին քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Գալուստ Սահակյանի օգտին, քանի որ, ըստ էության, առանց նման «միջամտության» անհնար կլիներ Գալուստի համար 101 կողմ ձայն ապահովել խորհրդարանում: Այլ կերպ ասած՝ Հայաստանում շարունակվում է «բուրժուադեմոկրատական» հեղափոխությունը, որը երկիրն ու հասարակությանը հասցրել է թռիչքային զարգացման:
Դատեցեք ինքներդ. ընդամենը 10-20 օրում Հայաստանում վարչապետ է դառնում Հովիկ Աբրահամյանը, իսկ ԱԺ նախագահ է դառնում Գալուստ Սահակյանը: Սա, հիրավի, հայկական հրաշքի պես մի բան է, կամ, ինչպես ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունում գործունեություն ծավալած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կասեր, վագրային թռիչք, որով «բուրժուադեմոկրատիան» Հայաստանը կհասցնի նորանոր հորիզոններ: Միայն Հովիկ Աբրահամյան և Գալուստ Սահակյան անունները բավարար են, որ արտագաղթած մեր հայրենակիցները, լսելով այդ անունները, որոնք, ըստ էության, դարձել են Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովող երկու թևերը, ուղղակի գլխապատառ վերադառնան Հայաստան՝ ժամ առաջ հայկական հրաշքի մեջ հայտնվելու համար: Թեև ուշանալու վտանգ իհարկե չկա:
«Բուրժուադեմոկրատական հեղափոխությունը» դեռ նոր է սկսել, դեռ կառավարությունն էլ լրիվությամբ չեն հասցրել ձևավորել, այնպես որ հեռացողները կարող են հանգիստ վերադառնալ. հրաշքները դեռ առջևում են, առավել ևս, որ դրանք արդեն ոչ թե «հրաշալի քառյակն» է ապահովում, այլ «հրաշալի» վեցյակը, ինչպես որ վերաֆորմատավորեց Հովիկ Աբրահամյանը քառյակը՝ անակնկալ կերպով հայտնվելով քառյակի փակ նիստում և իր վեցյակով չարժանանալով որևէ առանձնակի ընդդիմության:
Լուսանկարը` PAN Photo-ի





































