«Սենդի» փոթորկի պատճառով ԱՄՆ-ի հնագույն ատոմակայաններից մեկում սահմանվել է հատուկ իրավիճակի ռեժիմ: Այս մասին հայտարարել է Միջուկային հարցերի կարգավորման դաշնային հանձնաժողովը:
Հեղեղման սպառնալիքի տակ էր հայտնվել Նյու Ջերսի նահանգի Oyster Creek ատոմային ռեակտորը: Սկզբում այնտեղ հայտարարվել էր «անսովոր իրադարձության» ռեժիմ, որը ամենացածր մակարդակն է ամերիկյան ատոմակայանների համար ընդունված վտանգավորության սանդղակում, սակայն երկու ժամ անց այդ մակարդակը հասցվել է հնարավոր 4-ից երկրորդ աստիճանի:
Հանձնաժողովի ներկայացուցիչներն ընդգծում են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:
Նրանք սպասում են, որ ատոմակայանի շրջանում՝ հարևանությամբ գտնվող Ատլանտյան օվկիանոսի ջրի մակարդակը առաջիկա ժամերին կնվազի:
Oyster Creek-ը շահագործման է հանձնվել 1969 թվականին և ապահովել Նյու Ջերսիի էլեկտրաէներգիայի պահանջի 9 տոկոսը: Վերջին շրջանում ատոմակայանը չի աշխատել՝ կապված պլանային սպասարկման հետ:









































