ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 7 քաղաքացիների և 17 ընկերությունների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC -ն, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին:
Քարնիի խոսքով՝ պատժամիջոցների սահմանման պատճառը Ղրիմի բռնակցումն է և Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցով:
«Ապրիլի 17-ից Ռուսաստանը ոչինչ չի արել՝ ժնևյան պարտավորություններն իրականացնելու ուղղությամբ, ընդհակառակը, ավելի է սրել ճգնաժամը»,- հայտարարել է Քարնին՝ Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայի արևելքում համարելով «անվիճելի» փաստ:
«Այսօր ԱՄՆ-ը թիրախային պատժամիջոցներ է սահմանում մի շարք ռուս մասնավոր անձանց և ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև որոշ հոդվածների համար խստացնում է Ռուսաստանից ԱՄՆ արտահանման արտոնագրերի տրամադրումը,- ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:- Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի 7 պաշտոնատար, այդ թվում Պուտինի շրջապատին մոտ կանգնած 2 անձանց նկատմամբ. նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԱՄՆ մուտքի այցագրի տրամադրումը կարգելվի:
Քարնին նշել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Պուտինի մոտ շրջապատի հետ կապված 17 ընկերություններ, որոնց ակտիվները կսառեցվեն: Այդ ընկերություններից 13-ից այսուհետ արտոնագիր կպահանջվի ԱՄՆ-ից արտադրանք ներմուծելու համար: Բացի այդ, կարգելվի արտոնագրել Ռուսաստան այնպիսի ապրանքների արտահանումը,- որոնք «կարող են նպաստել Ռուսաստանի ռազմական ներուժին»:









































