Ըստ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) աշխատակիցների ահազանգի, բուհի ղեկավարությունն իրենց պարտադրում է նույնականացման քարտ ստանալ` այլապես սպառնալով աշխատավարձ չվճարել: Համալսարանի լրատվական բաժնից «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են նույնականացման քարտ պահանջելու մասին տեղեկությունը, միաժամանակ հերքելով աշխատավարձը չվճարելու մասին սպառնալիքը: Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Վերոնիկա Խորասանյանն ասել է, որ վերջերս ռեկտորը հանձնարարականի ձևով գրություն է ուղարկել բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բուհի աշխատակիցները մինչև նոյեմբերի 1-ը ներկայանան ոստիկանության անձնագրային բաժին` անհատական կոդեր ստանալու համար, որոնք պետք է աշխատավայր ներկայացվեն մինչև դեկտեմբերի 20-ը:
Ռեկտոր Արա Ավետիսյանի հանձնարարականի համար, ըստ Խորասանյանի, հիմք են հանդիսացել, մասնավորապես, «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը և 12-րդ հոդվածի 6-րդ մասը: Հիշատակված հոդվածները, սակայն, ոչ մի կերպ չեն հիմնավորում բուհի ռեկտորի հանձնարարականը: Իսկ ահա «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր: Ի դեպ, նույնականացման քարտի դիմաց քաղաքացիներից գանձվում է 3000-3500 դրամ, ու փաստորեն` սա հերթական դեպքն է, երբ պարտադրանքի ճանապարհով փորձում են համալրել պետական բյուջեն:







































