Վրաստանի նախկին (2004-2005) վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայր՝ «Վրացական երազանք» դաշինքի պատգամավոր Գոգլա (Գեորգի) Ժվանիան, հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անձամբ է ղեկավարել 2005 թվականին իր եղբոր մահվան հանգամանքների խեղաթյուրումը:
Գեորգի Ժվանիայի խոսքերով՝ այդ բեմադրումն իրականացրել են ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Վրաստանի ներկայիս խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Բարամիձեն: Նա վստահություն է հայտնել, որ երկրի նոր իշխանությունները կբացահայտեն այդ գործը:
Գեորգի Ժվանիան կատարյալ կեղծիք է անվանել այն, որ իր եղբոր մահվան պատճառ է հանդիսացել դժբախտ պատահարը՝ գազի արտահոսքը՝ ընդգծելով, որ նախկին իշխանությունները ցանկացել են կոծկել այս գործը:









































