Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան խորհրդարանի կողմից երեկ կառավարության նոր կազմի հաստատումից հետո հանդիպել է լրագրողների հետ.
«Ես առաջին իսկ օրից սկսելու եմ իրականացնել այն ծրագիրը, որը Բիձինա Իվանիշվիլին ներկայացրեց խորհրդարանին: Մենք կունենանք այնպիսի բանակ, որը պատասխան կտա միջազգային մարտահրավերներին: Մենք ծանր ժառանգություն ենք ստացել, ֆինանսական համակարգում ամբողջովին տիրում է քաոս: Ես խոստանում եմ, որ ամեն ինչ փոխվելու է:
Մեր գլխավոր առաջադրանքներից մեկը երկրի տարածքից օտար պետության ապօրինի զինված ուժերի դուրսբերումն է, այսինքն՝ տարածքի ապաօկուպացումը: Այդ գործընթացում, բնականաբար, չեն օգտագործվի զինված ուժեր, այստեղ օգտագործվելու են դիվանագիտությունը, միջազգային հարաբերությունները և ամենագլխավորն ու ամենակարևորը՝ աբխազների ու օսերի հետ եղբայրական հարաբերությունների վերականգնումը:
Մենք պատրաստ ենք վերականգնել այդպիսի հարաբերությունները: Ես սկսում եմ աշխատել նոր մոտեցմամբ նոր դոկտրինի վրա, որի շուրջ համատեղ աշխատում ենք վարչապետի հետ և շուտով այն կներկայացնենք հասարակությանը»:









































