Այսօր պահնորդական գործունեություն իրականացնող մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչներ լրագրողների հետ հանդիպմանը իրենց դժգոհությունը հայտնեցին «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքից, որը ուժի մեջ պետք է մտնի 2013թ. հունվարի 1-ից:
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը բարձրաձայնեց ոլորտում առկա խնդիրները, ներկայացրեց օրենքը, որն ընդունելիս հաշվի չի առնվել իրենց մասնագիտական կարծիքը:
«Շատերը տեղյակ չեն, թե ով է պահնորդը, և «ախրաննիկին» ասոցացնում են թիկնապահի հետ, սակայն թիկնապահը «տելախրանիտելն է»: Տարբեր ֆունկցիոնալ տարբերություններ կան թիկնապահի ու պահնորդի գործունեության միջև»,- բացատրեց վերջինս՝ շեշտելով, թե պահնորդը պահպանում է գույքը, այնինչ անձի պահպանությունը դրված է թիկնապահի վրա, ու այդ առումով պահնորդը նմանվում է պահպանություն իրականացնող ոստիկանի:
Նրա խոսքով՝ պահնորդական հմտություններին տիրապետելու համար անհրաժեշտ է մեկ ամիս:
Միության կազմում կա 2000-2500 պահնորդ: Հովհաննես Պետրոսյանը խորհուրդ տվեց տարանջատել թիկնապահի ու պահնորդի գործունեության ոլորտները ու իր զարմանքը հայտնեց այն առումով, որ ասում են՝ պահնորդներին պետք է երկար ամիսներ ուսուցանել: «Պահնորդը մասնագիտություն չէ»,- ասաց նա:
Ի դեպ, Ռուսաստանում պահնորդների ուսուցումը տևում է երկու ամիս, Վրաստանում և Հայաստանում՝ մեկ:
Միության նախագահը մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ օրենքը ընդունելիս քննարկումներ չեն անցկացրել իրենց հետ: «Ինչո՞ւ 2012-ին ընդունվեց օրենքը այդքան թերություներով»,- տարակուսանք հայտնեց վերջինս:
Պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հիմնական անհանգստությունն այն է, որ օրենքը պետք է հաստատվի հունվարին, այնինչ պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությունները չեն կարող լիցենզավորվել. մինչ օրս նրանք չեն լիցենզավորվել, ու պարզ չէ՝ ո՞վ է լիցենզավորելու և ի՞նչ սկզբունքերով:
«Օրենքը ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, ու մենք փաստորեն կզրկվենք գործունեություն իրականացնելու հնարավորությունից»,- մտահոգություն հայտնեց միության նախագահը:
Նա նաև հայտնեց, որ նախատեսվում է առաջարկներ ներկայացնել կառավարությանը, քանի որ օրենքում անկատարությունները հասնում են 12 կետի:
«Արմ-Մոբիլ» ընկերության ղեկավար Վահագն Կակոսյանն էլ իր հերթին շեշտեց օրենքից բխող անորոշության մասին՝ ընդգծելով, որ ոչ միայն լիցենզավորման ժամկետն է փոքր, այլ նաև իրենք համաձայն չեն որակավորում ստացող անձանց կարգի հետ: «Ինչո՞ւ պետք է սովորական պահնորդը գնա ու 6 ամիս սովորի թիկնապահի հետ»,- տարակուսանք հայտնեց վերջինս:
Ի դեպ, պահնորդների ամսական միջին աշխատավարձը 50-70 հազար դրամ է:








































