Վրաստանը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, ինչը ենթադրում է զինամթերքի ստացում և գնում: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան:
«Վրաստանի նոր կառավարության համար ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը ռազմական ոլորտում առաջնային է»,- նշել է նա` ընդգծելով, որ առաջին հերթին մտադիր է զարգացնել վրացական ՀՀՊ-ը:
Ալասանիան խոստացել է կատարել բոլոր պարտականությունները պաշտպանության ոլորտում:
«Մենք պետք է այնպես անենք, որ ոչ ոք Վրաստանի վրա հարձակվելու դրդապատճառ չունենա»,- ընդգծել է Ալասանիան:
Նախարարի թեկնածուն նշել է, որ մտադիր է կազմակերպել ՊՆ գործունեության աուդիտ: Նրա խոսքերով` «պաշտպանության նախարարությունը ներծծված է անպատասխանատվությամբ, չի եղել քաղաքացիական վերահսկողություն, եղել են նաև զինվորականների արժանապատվությունն անարգող դեպքեր»:
«Մեր նպատակը զինծառայողների համար բոլոր հնարավոր միջոցների ստեղծումն է` ապահովելու նրանց սոցիալական պաշտպանությունը, որպեսզի նրանք կատարեն կարևոր առաքելություն»,- նշել է նա:









































