Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին դատարանում հանդես կգա որպես վկա՝ կաշառակերության և անչափահասների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար մեղադրվող Սիլվիո Բեռլուսկոնիի գործով: Այս մասին, ըստ UPI գործակալության, հոկտեմբերի 22-ին հայտնել է Իտալիայի նախկին վարչապետը։
Այն մասին, որ Ջորջ Քլունին և Քրիշտիանու Ռոնալդուն կանչվել են Միլանի դատարան՝ որպես վկաներ, հայտարարվել էր դեռ անցած տարվա նոյեմբերին: Սակայն միայն հիմա է Բեռլուսկոնին հաստատել, որ իր օգտին վկայություն կտա հոլիվուդյան ամենահայտնի դեմքերից մեկը:
Դեռ 2011 թ. իտալական դատախազությունը հայտարարել էր, որ արդեն ապացուցված փաստ է Բեռլուսկոնիի և 17-ամյա Կարիմա Մահրուգի (Ռուբի) կապը։ Վերջինս, ըստ ԶԼՄ-ների, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի բարեկամուհին է:
Հետաքննության ընթացքում Ռուբին հաստատել է, որ Բեռլուսկոնիի վիլլայում երեկույթներից մեկի ժամանակ տեսել է դերասան Քլունիին՝ իր ընկերուհու հետ: Սակայն դերասանը հայտարարել է, որ երբեք չի այցելել նախկին վարչապետի կազմակերպած երեկույթներին:
Իտալիայի վարչապետի պաշտոնը անցած տարվա նոյեմբերին թողած Բեռլուսկոնիին 15 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն քչերն են հավատում, որ նրա նման ազդեցիկ և հարուստ մարդը ճաղերի հետևում կհայտնվի անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով: Ավելի լուրջ են հնչում կաշառակերության մասին մեղադրանքները:
Հետաքննության տվյալներով՝ անչափահաս մարոկկացի Կարիմա էլ-Մահրուգը՝ Ռուբի մականունով, մասնակցել է 74-ամյա Բեռլուսկոնիի կազմակերպած երեկույթներին, երբ նրա 18 տարին դեռ չէր լրացել, և դրա փոխարեն դրամական փոխհատուցում է ստացել: Բացի դրանից, Բեռլուսկոնիին մեղադրում են պաշտոնի չարաշահման մեջ, երբ նա զանգահարել էր ոստիկանություն, որպեսզի ազատ արձակեն գողության մեջ մեղադրվող Ռուբիին: Նրա զանգից հետո աղջկան ազատ են արձակել:
Թե վարչապետը, և թե Ռուբին բացառում են իրենց միջև սեռական հարաբերությունները: Աղջիկն ընդունել է այն փաստը, որ երեկույթներից մեկի ժամանակ դրամ է ստացել Բեռլուսկոնիից, սակայն հայտարարել է, որ դա սեռական հարաբերության դիմաց վճար չի եղել:
Այս գործով դատական գործը կսկսվի ապրիլի 6-ին:
Դատարանի համար պատրաստված նյութերում դեռ չի հիշատակվում բրազիլացի պարուհի Իրիս Բերարդիի անունը, ով նույնպես գիշերել է Բեռլուսկոնիի վիլլայում, երբ դեռ 17 տարեկան չկար:









































