ԱՄՆ նախագահի թեկնածուներԲարաք Օբաման և հանրապետական Միթ Ռոմնին նախընտրական բանավեճերից ընդամենը երկու օր անց դարձյալ հանդիպել են, բայց այս անգամ ոչ պաշտոնական մթնոլորտում: Նախագահի թեկնածուները հինգշաբթի մասնակցել են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության կազմակերպած ամենամյա ընթրիքին «Ուոլֆորդ Աստորիա» հյուրանոցում:
Գլխավոր հյուրերը երեկ նստել են սեղանատիրոջ՝ կարդինալ Թիմոթի Դոլանի աջ (Օբաման) և ձախ (Ռոմնին) կողմերում: Հաղորդվում է, որ նրանք բավական կատակներ են արել: Օրինակ՝ Ռոմնին հայտարարել է, որ նախընտրական պայքարում ինքը և Օբաման յուրաքանչյուրն ունեն մեկական կարևոր մարդ, որոնցից իրենք ամբողջությամբ կախված են: «Ինձ համար իմ գեղեցկուհի կինն է՝ էննը, Բարաքի համար Բիլ Քլինթոնը (ԱՄՆ նախկին նախագահ.- 1in.am)»,- ասել է Ռոմնին, որի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:
«Ուոլֆորդ Աստորիայում» ամենամյա ընթրիքը կազմակերպվում է Նյու Յորքի նախկին նահանգապետ և Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատկանող նախագահի առաջին թեկնածու (1928 թ. ընտրություններում) դեմոկրատ Էլ Սմիթի պատվին:









































