ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը գտնում է, որ 2013 թ. պետբյուջեի նախագծով սոցիալական ոլորտի ֆինանսավորման կրճատումն ավելի քան 4 մլրդ դրամով չի կարող էական ազդեցություն ունենալ ոլորտի վրա:
«Ես չեմ կարծում, որ դա կազդի ոլորտի վրա, որովհետև համոզված եմ, որ հաշվարկներն արվել են ելնելով այն բանից, որ թոշակառուների թվի հետ է կապված: 300 մլրդ է նախատեսված և 4 մլրդ–ն այն թիվը չի, որ կարողանա ազդեցություն ունենալ»,- ասաց Ա. Ախոյանը:
Նրա կարծիքով՝ 2013-ի բյուջեն այն հնարավորությունները չունի, որ կենսաթոշակների զգալի բարձրացում ապահովվի: «Այդ բոլորն անում են հաշվարկներով, որը անում են մասնագետները»,- նշեց Ախոյանը՝ հավելելով, որ ավելի մանրամասնորեն կխոսի հանձնաժողովում բյուջեի նախագծի քննարկումից հետո:
Նշենք, որ 2013 թ. պետբյուջեի նախագծով սոցիալական ոլորտին հատկացվելու է 303 մլրդ 156.6 մլն դրամ, իսկ 2012-ի բյուջեով հատկացվել էր 307 մլրդ 269.3 մլն դրամ (նվազումը՝ 1.4 %):










































