Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական անգամ քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանին.
«Էրդողանի միակ խնդիրը նախագահ դառնալն է: Էրդողանը չի մտածում երկրի ապագայի մասին: Նա միայն մտահոգված է նրանով, թե ինչպես զբաղեցնի նախագահի աթոռը: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի գործողությունները նույնպես երկիրը տանում են դեպի անդունդ, իսկ Էրդողանն այդ հարցում աջակցում է նրան:
Թուրքիան սիրիացի ապստամբ զինյալներին ռազմական կրթություն է տալիս և դրանով իսկ ճանապարհ է հարթում նրանց եղբայրների արյունը թափելու համար: Դա դավաճանություն է Թուրքիայի Հանրապետության նկատմամբ, որի պատմության մեջ այդպիսի դեպքեր չեն եղել և չեն էլ լինի: ԺՀԿ-ն երբեք Սիրիայի հարցում չի պաշտպանել Ասադի ռեժիմին, մինչդեռ Էրդողանը մեզ անվանում է «բաասական»:
Մալաթիայի Քյուրեջիքում Իսրայելի համար հակահրթիռային վահան տեղադրեցին: Մեր 9 քաղաքացիներին միջազգային ջրերում սպանել տվեցին (Մավի Մարմարա): Էրդողանը պարգև է ստացել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից: ԱՄՆ նախագահը Էրդողանի հետ խոսում է բեյսբոլի փայտով: Եվրահանձնաժողովը խիստ քննադատական զեկույց է հրապարակում Թուրքիայի մասին: Նա միայն մտածում է վարչապետի աթոռին մնալու և նախագահի աթոռին բազմելու մասին»:








































