Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը:
Նամակում ընդգծվում է երկրի ժողովրդավարական զարգացման պլանում Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կարևորությունը. «Դրանք հաստատեցին Վրաստանի՝ որպես ժողովրդավար երկրի հաջողությունը: Ներկայումս, երբ ընտրություններն անցել են, համայն աշխարհը տեսնում է, որ Վրաստանը ձեր առաջնորդությամբ հաղթահարել է այդ փուլը:
Այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքները հիասթափեցնող են եղել ձեր և ձեր համակիրների համար, այդ արդյունքները ցույց են տվել, որ ձեր ղեկավարման ժամանակ Վրաստանում ձևավորվել է մրցունակ ժողովրդավարություն: Վրաստանի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ դուք շարունակեք ղեկավարել երկիրը և աշխատել խորհրդարանի ու «Վրացական երազանք» դաշինքի հետ, որպեսզի անցավ անցնի իշխանության հանձնման ու նոր կառավարության ձևավորման գործընթացը»:









































