Աշխարհի խոշորագույն Amazon ինտերնետ–խանութն ուսումնասիրում է Texas Instruments ընկերության մասնաճյուղը գնելու հնարավորությունը, որը մասնագիտացված է բջջային հեռախոսների պրոցեսորների արտադրության մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական Calcalist թերթը:
Թերթի տվյալներով՝ դա Amazon-ի համար կարժենա միլիարդավոր դոլարներ: Այժմ երկու ընկերությունները բանակցություններ են վարում: Texas Instruments-ի արտադրության OMAP պրոցեսորներն օգտագործվում են Kindle Fire պլանշետներում, որը Amazon-ը թողարկում է 2011թ.-ից:
Հնարավոր գործարքի մասին խոսակցությունները տարածվել էին Texas Instruments-ի կողմից զարգացման ռազմավարությունը վերանայելու ծրագրերի մասին լուրերից հետո: Այդ ժամանակ հաղորդվում էր, որ ամերիկյան ընկերությունը պատրաստվում է հրաժարվել սմարթֆոնների և պլանշետների համար պրոցեսորների արտադրությունից՝ հօգուտ այլ ապրանքների:
Հաղորդվում է, որ գործարքը հնարավորություն կտա Amazon-ին հիշողության քարտեր մշակել իր սարքերի համար: Արդեն այդպես են գործում բջջային շուկայում իրենց հաստատուն դերն ունեցող երկու խոշոր ընկերություններ՝ Apple-ը և Samsung-ը:









































