Ամերիկյան իշխանությունները հարցում են ուղարկել Մեծ Բրիտանիա այս երկրում ձերբակալված Ղրղըզստանի նախկին նախագահի որդուն արտահանձնելու մասին: Այս տեղեկատվությունը հաստատել է Ղրղըզստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո ծառայությունը:
«ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից խնդրել է արտահանձնել պարոն Բակիևին, որպեսզի նա կանգնի ԱՄՆ-ի դաշնային դատարանի առաջ՝ լուրջ մեղադրանքներով. դավադրություն` արժեթղթերով խարդախություն անելու նպատակով և արդարադատության իրականացման խոչընդոտում»,- ասել են դեսպանատանը:
Մեծ Բրիտանիայի դեսպանատանը ևս հաստատել են, որ Մաքսիմ Բակիևը` Կուրմանբեկ Բակիևի երկրորդ որդին, ձերբակալվել է Լոնդոնում 2012 թ. հոկտեմբերի 12-ին ԱՄՆ կառավարության արտահանձնման մասին խնդրանքի հիման վրա:
«Մեծ Բրիտանիան սատարում է Ղրղըզստանի ղեկավարության և ժողովրդի ջանքերը»,- նշել են դեսպանատանը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ այդ ջանքերի մի մասն է կազմում իշխանությունների և ժողովրդի ձգտումն ուղղված այն բանին, որ նախկինում իշխանությունը չարաշահած անձինք կանգնեն դատարանի առաջ և պատասխան տան իրենց դեմ ներկայացված մեղադրանքներին:









































