Երեկ, ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղավորված ԱԳ, բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները, 51 միլիոն դոլարով է վաճառվեց Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Այդ 51 միլիոն դոլարի մի մասը Էռնեկյանը կվճարի «կենդանի փողով», մի մասի դիմաց էլ արդարադատության նախարարության հրդեհված շենքի տեղում կկառուցի նոր շենք ու կտա կառավարությանը: Իսկ հոյակերտ այդ շենքը կվերածվի հյուրանոցի: Եթե կարճ ձևակերպելու լինենք, գործարքի բովանդակությանը սա է: Բայց, ինչպես գրում է «Հայկական ժամանակ»-ը, գործարքն ունի շատ հետաքրքիր նախապատմություն, և հենց դրանից կարող են բացահայտվել գործարքի իրական ծավալն ու էությանը:
Դեռ 2011 թվականի հունիսին «ՀԺ»-ում հրապարակվեց ԱԳՆ շենքի հնարավոր վաճառքի մասին տեղեկություն: Այս տեղեկությունն այն ժամանակ պաշտոնապես ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, իսկ ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնը` մամուլի հրապարակումների վերաբերյալ իր ամենօրյա թողարկմամբ ծաղրեց այդ տեղեկությունը: ««Հայկական ժամանակը», հենվելով «սեփական աղբյուրների վրա», նշել է, թե իբր «իշխանական միջանցքներում վերջին շրջանում… տեղեկություններ են շրջանառվում» կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման վերաբերյալ, նաև իր հանգույն փորձել պարզել անիրական առևտրի հնարավոր «իրական» պատճառը` «երբ երկիրը սնանկանում է»»,- ծաղրում էր կառավարության տեղեկատվական կենտրոնը:
Ինչո՞վ է կարևոր այս պատմությանը: Անշուշտ, ոչ այն պատճառով, որ ուզում ենք գլուխ գովել, թե մոտ մեկուկես տարի առաջ մենք գրել ենք դրա մասին: «Ըստ մեր աղբյուրների, կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե, իսկ մնացածը… գնալու է «սև» բյուջե»,- տեղեկացրել էինք դեռ մոտ մեկուկես տարի առաջ: Գործարքի պաշտոնապես հայտարարված գնի հարցում, առաջին հայացքից, սխալվել ենք` ասել էինք 60 միլիոն, վաճառվել է 51 միլիոնով: Բայց նույնիսկ պաշտոնական տվյալներով` Երևանի կենտրոնում անշարժ գույքի գները նվազել են 16 տոկոսով, այսինքն` մոտ մեկուկես տարի առաջ 60 միլիոն դոլարանոց շենքը պետք է այս տարի վաճառվի 16 տոկոսով էժան` 51 միլիոն դոլարով: Այսինքն, դեռ այն ժամանակ «ՀԺ»-ի հրապարակած այս տեղեկությունն էլ է հաստատվում ճշգրտորեն: Եթե այդքան ճշգրտորեն, հաստատվել է մոտ մեկուկես տարի առաջ հրապարակած տեղեկատվության առաջին մասը, ապա պետք է նաև հաստատված համարել տեղեկատվության երկրորդ մասը`«սև բյուջեի» վերաբերյալ: Այսինքն, ԱԳՆ շենքը վաճառվել է իրականում շատ ավելի բարձր գնով, և դրա մի մասն է միայն վճարվելու պետական բյուջե: Նրանք, ովքեր կփորձեն հերքել կամ ծաղրել այս տեղեկատվությունը, թող հաշվի առնեն, որ ցանկացած գաղտնիք վաղ թե ուշ բացահայտվում է: ԱԳՆ շենքի վաճառքը ձեզ օրինակ:









































