Սիրիան նախորդ օրը Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությանն արձագանքելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։
Չորեքշաբթի օրը Սիրիայի խոշորագույն Հալեպ քաղաքում մի քանի ականապատ ավտոմեքենա էր պայթել, որին, նախնական տվյալներով, զոհ էր գնացել 30 մարդ, այդ թվում՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ` քաղաքացիական անձինք:
Ջաֆարիի տվյալներով` Հալեպում ահաբեկչությունն իրականցրել են 4 մահապարտներ:
Արդեն երկու ամիս է` կառավարական զորքերը չեն կարողանում ճնշել ընդդիմության զինված դիմադրությունը Հալեպում: Ընդդիմադիրների թիվը, որոշ տվյալներով, այնտեղ 18 000 է:
Ներկայումս կառավարական զորքերը զբաղեցնում են քաղաքի արևմտյան մասը, Սիրիայի ազատ բանակի զինյալները` արևելյան թաղամասերը և կենտրոնը:
Հալեպի բնակչությունը հաշվվում է 2,5 մլն:
Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև զինված հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտից: Երկրի հակակառավարական ուժերի տվյալներով` այն արդեն 30 000 մարդու կյանք է խլել:









































