Վարչապետ Տիգրան Սարգսյանը կոռուպցիայի մասին իր անհերքելի ապացույցների վճռական դավթարով երեկ այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ի լուր աշխարհի հայտարարելու, թե կոռուպցիա կա այստեղ: Ասել է, որ իր վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում «պարզվել» է, որ հաշմանդամության կարգ ստանալու ոլորտում կաշառակերությունը համատարած է: Հաշմանդամ քաղաքացիները բժշկական հիմնարկին 15-20 հազար դրամ են տալիս, որպեսզի տեղեկանք ստանան, հակառակ դեպքում հաշմանդամության խումբը չի վերանայվում: «Այդ 65 հազար մարդը մեր մասին, կոնկրետ ձեր նախարարության մասին ի՞նչ պատկերացում են կազմելու, չե՞ն ասելու, որ բոլորն էլ գիտեն, ուղղակի լռում են: Բոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուրժել չի կարելի»,-հանկարծակիի գալով, նեղսրտել է վարչապետը` հրահանգելով աշխատանքից անհապաղ հեռացնել ծառայության ղեկավարին, ով տարիներ շարունակ առնչվում է այս ռիսկերին ու մեկ անգամ չի ահազանգել դրանց մասին: «Ազատվեք այդ մարդկանցից, որպեսզի մեզ հավատան»,- աղերսել է Տիգրան Սարգսյանը, և չնայած տեղում պատժել են մեղավորին` Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանին հեռացնելով աշխատանքից, սակայն ժողովուրդը դարձյալ չի հավատում, քանի որ մտածում է, որ այդպիսով շղարշում են տարիների անգործությունը` ցույց տալով, թե ուշքի են եկել ու երկիրը փրկում են կոռուպցիայի ճիրաններից: Իսկ թե նույն վարչապետն ու իր վերահսկողությունը չորսուկես տարում քանի անգամ են զբաղվել այս ոլորտում առկա այլանդակ կոռուպցիայով, «Հրապարակ»-ը փորձեց պարզել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանից:
– Պարոն Գրիգորյան, Դուք տեղյա՞կ էիք նշված խնդիրներին, և երբևէ վարչապետն այդ թեմայով զրուցե՞լ է Ձեզ հետ, շոշափվե՞լ է կոնկրետ այս հարցը:
– Ես այսօր տեղի ունեցածին շատ նորմալ եմ վերաբերվում: Բժշկասոցիալական փորձաքննական գործակալությունում առկա պրոբլեմների մասին ես էլ եմ ժամանակին շատ բարձրաձայնել: Իհարկե, դա պահանջում էր ընդհանուր առմամբ համակարգային փոփոխություն, և էդ առումով իմ պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ մշակվել էր անաշխատունակության նոր հայեցակարգ, մոդել, որը համարյա լուծում էր բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը: Կարևորը նաև այն է, որ ցանկացած ոլորտում ինչպիսի բարեփոխում ուզում ես արա, առաջին հերթին պետք է վերափոխես ոլորտի պատասխանատուին, մասնագետին, հակառակ դեպքում ինչպիսի բարեփոխում էլ անես, կարճ ժամանակ անց նույն իրավիճակն է լինելու: Այսօրվա իրավիճակը միշտ էլ մեզ անհանգստացրել է այն ժամանակ: Ճիշտն ասած, թե այսօր ինչպիսի վերլուծություններ են արել, ես բավարար տեղեկություն չունեմ, որ շատ օբյեկտիվ գնահատական տամ, բայց մի բանում եմ համոզված` ոլորտում պետք է անպայման կատարել հաստատ փոփոխություն:
– Դուք նշում եք, որ ժամանակին տեղյակ էիք, ինչո՞ւ այդ ժամանակ չեն բարձրացվել Վանյանի պաշտոնանկության կամ ընդհանրապես կոռուպցիային առնչվող հարցեր:
– Ես այնպես չեմ ահազանգել, որ պետք է պաշտոնանկության հարց դրվեր, իմ խնդիրը եղել է այն, որպեսզի կարողանանք հիմքից կատարել փոփոխություն, օրենսդրական փոփոխություններ, որ մեկընդմիշտ վերջ տրվեր նման երևույթներին: Իմ աշխատած ժամանակահատվածում մշակվել էր հայեցակարգ, որը քննարկվել էր կառավարությունում, ուղղակի չհասցրեցի ընդունել այդ նոր մոդելը:
– Իսկ այդ ընթացքում վարչապետն ակնարկե՞լ է, որ անհրաժեշտ է ստուգումներ անցկացնել ոլորտում, չէ՞ որ նշված խախտումները տարիներ շարունակ առկա են եղել` այսօր չեն ծնվել:
– Տեսեք, ես միշտ խիստ պայքար եմ տարել, որպեսզի արատավոր երևույթներն արմատախիլ արվեն: Եվ արել ենք, թե որքանով է ստացվել, դա ցույց կտա համեմատությունը մեր կատարած աշխատանքի և դրան նախորդած վիճակի հետ: Այս համեմատության մեջ կտեսնենք, որ էական առաջընթաց կա արձանագրված: Ես միշտ էլ բարձրաձայնել եմ, որ այն կառույցները, ծրագրերը, որոնք ոլորտում գործում են, ինչ-որ չափով հնացած են, պետք է թարմություն մտնի, նոր փոփոխություններ և համապատասխանեցումներ մեր ժամանակներին: Ես չեմ կարող այսօրվա խորհրդակցության արդյունքը վերլուծեմ, բայց ժամանակն է, որ խիստ ու առարկայական պայքար տարվի: Ես շատ լավ եմ վերաբերվում այսօրվա տեղի ունեցածին:
– Պարոն Գրիգորյան, ստուգումները նախ սկսվեցին նախկինում ԲՀԿ-ի ղեկավարած կառույցներից: Այս հերթականությունից շատերը ենթադրում են, որ քաղաքական գործընթաց է գնում և ուղղված է ԲՀԿ-ի դեմ: Դուք ի՞նչ եք կարծում` կա՞ քաղաքական միտում:
– Իհարկե ոչ: Դա քաղաքական չի կարող լինել, աշխատանքային պրոցեսներ են, և բնական է` որքան սրանում ու խորանում են, ամեն տեսակի ենթադրությունների տեղիք են տալիս: Ես գտնում եմ, որ նորմալ աշխատանքային պրոցեսներ են:
– Պարոն Գրիգորյան, Ձեր կարծիքով, այս բացահայտումների հիման վրա, որպես ոլորտի նախկին ղեկավար, Ձեզ պատասխանատվության ենթարկելու հարց կծագի՞:
– Ինչպիսի պաշտոնյա էլ կլինի, եթե նա պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար և իր աշխատանքային գործունեության ընթացքում թույլ է տվել հակաօրինական գործողություններ, պետք է անպայման ինքը պատասխան տա ցանկացած գործողության համար:










































