Ռուսական ծագում ունեցող բարձրակարգ մարմնավաճառը կանգնել է Մեծ Բրիտանիայի դատարանի առաջ իր թոշակառու հաճախորդին սպանելու համար: 39-ամյա Նատալյա Վուլեյը ծեծելով սպանել է իր ծեր հաճախորդին, որից հետո փորձել է թաքցնել հետքերը, ինչի հետևանքով մահացածին գտել են մեկ ամիս անց միայն:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի16-ի երեկոյան Սուրրեյ քաղաքում: Նատալյա Վուլեյը ժամանել է 69-ամյա Վինսթոն Ֆերնանդեսի տուն: Այնտեղ ինչ որ պատճառով նրանց մեջ վեճ է բռնկվել, գրում է The Daily Mail-ը:
Ինչպես ցույց է տվել բժշկական փորձաքննությունը, ծերունու մոտ եղել է 17 ողերի կոտրվածք, ինչպես նաև կոկորդը երկու տեղից կտրված է եղել: Արդյոք տղամարդը միանգամից է մահացել, թե ոչ, հայտնի չէ: Այնուհետև, կտրելով հեռախոսային գծերը, մարմնավաճառը հեռացել է: Տղամարդու դին հայտնաբերել են փետրվար ամսին հարևանների ահազանգից հետո միայն:
Հետաքրքիր է, որ Ֆերնանդեսը և Վուլեյը, ով իր ծառայությունները մեկ գիշերվա համար 600 եվրո էր գնահատում, վաղուց էին ծանոթ: Տղամարդը նրա մշտական հաճախորդն էր:
Մարմնավաճառի խոսքերով՝ այդ գիշեր հաճախորդը հարբած էր և փորձել է ստիպել իրեն այլասեռված սեռական հարաբերություններ ունենալ իր հետ: Սակայն դատախազը փաստեր է ներկայացրել թեմատիկ կայքերից, որտեղ Վուլեյը ինքն իրեն բնորոշում է որպես պրոֆեսիոնալ, որը կարող է բավարարել ցանկացած տղամարդու, գրում է Mirror-ը:
Բացի դրանից՝ լսումների ընթացքում մի շարք վկաներ ասել են, որ մարդասպանը գիտակցում էր, թե ինչ է անում, և գործել է սառնասրտորեն: Օրինակ, սպանությունից հետո Վուլեյը զանգահարել է հեռախոսի օպերատորին և հարցրել, արդյոք հեռախոսի միջոցով հնարավոր է պարզել մարդու գտնվելու վայրը: Հետո փոխել է հեռախոսահամարը:
Ինչևէ, Նատալյա Վուլեյը իր մեղքը չի ընդունել, այլ պնդել է, որ միայն պաշտպանվել է, նշում է The Sun-ը: Այժմ ճշմարտությունը պետք է պարզի Հիլֆորդ քաղաքի դատարանը:









































