Սիրիայի բանակը ընդլայնում է հակաահաբեկչական օպերացիայի մասշտաբները մայրաքաղաք Դամասկոսի հարևանությամբ: Երեքշաբթի Զաբադանի լեռնաառողջարանի մոտակայքում`Դամասկոսից 45 կմ արևմուտք, և Յաբրուդ քաղաքում`Դամասկոսից 81 կմ հյուսիս, կանոնավոր ուժերը հարված են հասցրել ապստամբների բազաներին:
Օրվա ընթացքում մարտեր են ընթացել նաև Արևելյան Գուտայի շրջանում, որտեղ կառավարական ուժերին հստակ հանձնարարված է ճնշել ու դուրս մղել զինված ծայրահեղական խմբավորումներին Հարաստա և Դումա քաղաքներից, որտեղ նրանք ստեղծել են իրենց պատվարները: Մոտական ագրարային ֆերմաներից մեկի մաքրման ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկների և ինքնաշեն ռումբերի արտադրամաս: Այս մասին տեղեկացնում է «ՍԱՆԱ» գործակալությունը: Աղբյուրի տվյալներով` գրոհայինների շարքերը Էլ-Կուտեյֆե և Սիմսիմե ծայրամասերում շրջապատված են, որտեղ գրոհայինների մեծ մասը հանձնվել է իշխանություններին:
Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդում է իշխանության հակառակորդների կողմից Դամասկոսի Կուսուր թաղամասի մոտ, ինչպես նաև հարավային ծայրամասերում զինված գրոհների մասին:
Սիրիայի իշխանությունները նոր ուժեր են մտցնում Հալեպ, որտեղ մարտերը եվս շարունակվում են: Լիբանանյան մամուլը հաղորդում է, որ Հալեպի շրջան է այցելել նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը, որն օգոտոսին փախել է Հորդանան, հայտարարել է, որ իր փախուստից առաջ, Բաշար Ասադը մերժումով է պատասխանել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկին` ընդդիմության հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Սիրիայի ընդդիմությունն ու իրավապաշտպանները հաստատում են, որ երկրում հակամարտության սկզբից` 2011- մարտից մինչ օրս երկրում ավելի քան 31 հազար մարդ է զոհվել:









































