«Փարավոնների ավտոմրցարշավ» հայտնի ավտոմարաթոնը, որն անցկացվում է անապատում, մեկնարկել է Եգիպտոսում: Մեկնարկային կետը եղել են Գիզայի Մեծ բուրգերը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս տարի ավտամրցարշավին մասնակցում են էքստրեմալ ռալլիի սիրահարներ` 28 երկրներից: ԱՊՀ երկրները ներկայացնում է Ուկրաինան: Ռալլիին մասնակցում են 162 բեռնատարներ և արտաճանապարհային մեքենաներ, ինչպես նաև 72 մոտոցիկլետներ: 6 փուլից կազմված երթուղին կանցնի Արևմտյան անապատով` Բահարիա օազիսի միջով դեպի հարավ: Մասնակիցները կհաղթահարեն 3000 կմ և շաբաթ օրը կհասնեն մեկնարկային կետ:
«Փարավոնների ավտոմրցարշավը» ամենաբարդ և վտանգավոր ավտոմարաթոններից է աշխարհում: Բավականին հաճախ են վթարներ տեղի ունենում, նույնիսկ ամենափորձառու վարորդների մասնակցությամբ: Նրանց կուղեկցեն տեխնիկական աջակցման մասնագետներով բեռնատարներ, շտապօգնության մեքենաներ և ուղղաթիռներ:







































