«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադևոսյանը, արձագանքելով իշխանության այն դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տասնչորսկետանոց պահանջը ոչ թե երկխոսելու առաջարկ է, այլ ուլտիմատում, նկատեց.
«Ես կարծում եմ, որ այսօր ժողովուրդը, այն հիսուն հազարը, որը ներկա էր մարտի 1-ի հանրահավաքին, և բոլոր նրանք, ովքեր ներկա չէին այս իշխանությունների խոչընդոտման պատճառով, վստահ եմ, համաձայն են մեր երեկվա հանրահավաքում միաձայն ընդունված այդ պահանջին: Այդ իսկ պատճառով իրավունք ունեն այս իշխանությունների հետ խոսել նաև այդ տոնով:
Մենք խոսում ենք երկրի տերերի իրավունքով, քանի որ, ՀՀ Սահմանադրության համաձայն, իշխանությունը պատկանում է ժողովրդին, և իշխանության տերերը կարող են իրենց ծառաներից պահանջել:
Ծառաներ, ովքեր բարոյական հատկանիշներից զուրկ են, ովքեր իշխանագող են, ովքեր կեղծարար են, ովքեր թալանչի են և մանկապիղծ, հետևաբար, այո, այս ոճով կարող են նրանց հետ խոսել: Իսկ վերջնագրի պահանջները կատարելուց հետո միայն նրանք կարժանան մեզ հետ երկխոսելու պատվին»:







































