Սիրիայի առևտրաարդյունաբերական կենտրոն Հալեպում շարունակվում են բախումները իշխանության և ազատբանակայինների միջև: Այս օրերին իշխանական բանակը կենտրոնացած է ազատբանակայիններին Հալեպի մի քանի թաղամասերից դուրս մղելու վրա:
Կանոնավոր բանակը նաև չի վարանում օգտագործել քարոզչական մեքենան. ժողովորդին հեռախոսային հաղորդագրությունների (sms) միջոցով տեղեկացնում են, որ Հալեպում դրության տերն իշխանությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը ՝ ներկայացնելով իրավիճակը Հալեպում:
Նա մանրամասնեց, թե իշխանությունը ժողովրդին տեղեկացնում է, որ Հալեպում բանակը կացության տերն է, և զենք վերցնող ընդդիմադիրները, լավ կլինի, զենքը վայր դնեն ու խաղաղ կյանքին վերադառնան: Ըստ Ժիրայր Ռայիսյանի՝ քարոզչամեքենան նաև լավ է աշխատում էլեկտրոնային կայքէջերում. տեղեկություններ են տարածվում, թե բախումների ճակատագրական օրն ու պահն է հասել: Բայց, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբերի համոզմամբ՝ այս երկուսն էլ քարոզչական մեքենայի աշխատանքի արդյունք են:
Նկարագրելով իրավիճակը՝ Ժիրայր Ռայիսյանն ասաց, որ դժվար է դա անել, քանի որ դրան կարող են պատասխանել մարտական գործողությունների ղեկավարները: «Ես կարող եմ ասել, որ մեր թաղամասերում իրավիճակի փոփոխություն չի եղել: Նոր Գյուղի շրջանում ընդդիմադիրները բավական առաջացել էին տարբեր շրջաններում, սակայն բանակն արդեն ետ է մղել նրանց, առայժմ «Նոր Գյուղ» թաղամասում ազատբանակայիններ չկան»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ երեկ երեկոյան իշխանական բանակը սարսափի է մատնել բնակիչներին՝ շարունակելով Սիրիայի ազատբանակայիններին Հալեպի մի քանի թաղամասերից դուրս մղելու գործողությունները:
Ժիրայր Ռայիսյանի խոսքով՝ երեկոյան միաժամանակ ռումբեր են պայթել Հալեպի մի քանի թաղամասերում՝ Սուլեյմանիեում, Նոր Գյուղում և այլն: Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբերի վստահեցմամբ՝ մի պահ ամբողջ Հալեպը սարսափի է մատնվել, սակայն մինչ հիմա տեղեկություններ չկան հետևանքների մասին: Ըստ նրա՝ հավանաբար զոհեր ու վիրավորներ կան, բայց այս մասին տեղեկություններ չկան:
Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ կացությունը Հալեպում բնականոն կդառնա, երբ կյանքը բնական հունի վերադառնա:
Նշենք, որ երկու օր առաջ երեկոյան Հալեպում ռումբի պայթյունից զոհվել էր Վարդան Մութաֆյանը:









































