Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժել:
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ փաստաբան Արթուր Գրիգորյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացրած որոշումը: Panorama.am-ի փոխանցմամբ,այդ մասին այսօր հայտարարել է փաստաբանը: «Եթե Վճռաբեկ դատարանը իրեն բնորոշ ոճով որոշում կայացնի, ապա այդ դեպքում հարցը կնքննարկենք` միջազգային ատյաններ դիմելու համար», -հավելեց Գրիգորյանը:
Վճռաբեկ դատարանը, փաստաբանի ներկայացմամբ, իրականացնում է «ռևիզիայի ֆունկցիա, այսինքն` մահակային սիստեմով բոլոր դատավորներին ստիպում է ընդունել այն որոշումները, որոնք իրենց նախադեպերին չհակասեն»:
Գրիգորյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կանխատեսելի էր, քանի որ դատարաններն այսօր օժտված չեն անկախությամբ: «Արդյոք այսօրվա մեր դատարանները պատրաստ են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության որոշումը վերացնեն: Եթե վերացներ, դա կհամարվեր «չէպէ»», -հավելել է Գրիգորյանը:
Panorama.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ դատական այս գործընթացին հաջորդի, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, Գրիգորյանը պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չունի, բայց իր կարծիքով, ամեն ինչ էլ հնարավոր է:
«Ես ոչինչ չեմ բացառում, մանավնդ որ բազմիցս արծարծվել է այն հարցը, որ այս դատավարությունը կրում է քաղաքական հետապնդման տարրեր և գնալով, ճիշտն ասած, այդ համոզմունքն ամրապնդվում է», -հավելել է փաստաբանը:









































