Apple ընկերության կողմից iPhone 5-ի թողարկմանը նվիրված հոլովակներից մեկը վաղեմի մրցակից Samsung-ի դեմ ծաղր է պարունակում: Այս մասին հայտնում է AdAge պորտալը:
Գովազդային հոլովակում ցույց է տրվում, որ նոր iPhone-ն այնպես է մեծացվել, որ բութ մատը հասնի դիսփլեյի մի ծայրից մյուսը: Գովազդում հաստատվում է, որ դա ոչ թե զարմանահրաշ պատահականություն է, այլ առողջ մտքի դրսևորում: Նշենք, որ Samsung-ի որոշ սմարթֆոններ իրենց չափերով գերազանցում են iPhone-ին:
Samsung ընկերությունը մեկ անգամ չէ, որ իր գովազդում ծաղրել է Apple-ին: Սեպտեմբերին Samsung-ը գովազդ էր թողարկել «Պետք չէ հանճար լինել» խորագրով, որում նկարագրվում են իր Galaxy S III-ի և նոր iPhone-ի առանձնահատկությունները: Կարգախոսն ուղղված է Apple-ի մարքեթինգային ռազմավարության դեմ: Ընկերությունը «հանճարներ» է համարում իր ֆիրմային խանութների աշխատակիցներին ու խորհրդատուներին:









































