1944թ. այս օրը մահացավ անվանի հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935) Մանուկ Աբեղեյանը:
Մանուկ Աբեղյանի անվան հետ է կապված դասական հայագիտության նոր փուլի զարգացումը: Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Նրա աշխատություններում հայ բանասիրությունը ներկայացված է իր լայն ընդգրկումներով՝ ժողովրդական բանահյուսություն, հայ գրականության պատմություն, հայերենի տաղաչափություն, տեքստաբանություն, հայոց լեզվի տեսություն և այլն: Այս բնագավառում ունի հետաքրքրական հարցադրումներ ու լուծումներ:
Մանուկ Աբեղյանը հայ ժողովրդական էպոսի խոշորագույն գիտակներից է. նա հայտնաբերել է «Սասնա ծռերի» երկրորդ տարբերակը: 1886-ին գրառել է «Սասնա ծռեր» հերոսավեպի մոկաց նոր տարբերակը («Դաւիթ և Մհեր», 1889) և կատարել առաջին մասնագիտական հետազոտությունը («Ազգային վէպ», 1889-1890): Հետագայում վեպի նոր գրառումների հիման վրա ստեղծել է «Սասնա ծռեր» դասական տեսությունը («Հայ ժողովրդական վէպը», 1908): Անդրադարձել է ժողովրդական բանահյուսությանը՝ սկսած հնագույն մինչև նոր ժամանակները, ուշագրավ դիտողություններ է արել միջնադարյան հայրենների բնույթի ու դրանց ակունքների վերաբերյալ, տվել է հայ գրականության պատմության ուրույն պատկերացում, ուրվագծել է հայկական վերածննդի ընթացքը:
Պատկելի գործեր են նրա «Հայ գրականության պատմությունը» (հ. 1-2, 1944-1946), «Հայոց լեզվի տաղաչափությունը» (1933): Մեծ ներդրում ունի նաև տեքստաբանության բնագավառում: Մանուկ Աբեղյանը վերականգնել է հայ հին առասպելաբանության և ժողովրդական հավատալիքների ամբողջական համակարգը և հիմք դրել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությանը («Հայ ժողովրդական հաւատալիքը», «Հայ ժողովրդական առասպելները Խորենացու Հայոց պատմութեան մէջ», 1899): Հիշյալ աշխատությունների հիման վրա գրել է «Հայ վիպական բանահյուսություն» (հրատարակվել է 1966-ին, «Երկեր», հատոր 1) հիմնարար ուսումնասիրությունը:
Մշակել է հայ հին ու նոր քնարական բանահյուսության գիտական տեսությունը, սկզբնավորել հայ բանահյուսության գիտական տեսքստաբանությունը, անդրադարձել հայ գրականության սկզբնավորմանը, հայ գրական-գեղարվեստական մտքի ու դպրության զարգացմանը,1910- ական թվականներից զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ:
Նրա լեզվաբանական-քերականագիտական ուսումնասիրությունները` «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի հոլովները», «Աշխարհաբարի շարահյուսությունը», «Հայոց լեզվի տեսությունը» և այլն, վճռական դեր խաղացին արևելահայ գրական լեզվի գիտական քերականությունը ստեղծելու գործում: Աբեղյանը հինգ հոլովի տեսության հիմնադիրն է: Անվանի հայագետը զբաղվել է նաև ուղղագրության բարեփոխության ու տերմինաշինությանհարցերով:
Նրա անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը և Երևանի թիվ 3 դպրոցը:









































