Թուրքական Dünya Bülteni լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 10-րդ դատարանը հրապարակելու է 2003 թվականին պլանավորված «Բալյոզ» (Մեծ մուրճ) ռազմական հեղաշրջման գործով իր դատավճիռը: Վերջինս հրապարակվելու է տեղական ժամանակով ժամը 14.00-ին՝ 107-րդ դատալսման ժամանակ:
Դատախազությունն իր պատրաստած 920 էջանոց մեղադրականում պահանջում է տվյալ գործով ձերբակալված 365 սպաներին (նրանցից 250-ը գտնվում են կալանքի տակ) դատապարտել մինչև 20 տարի ազատազրկման: Ամբաստանյալները, սակայն, հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ 2003 թվականին իրենք պլանավորել էին անցկացնել սովորական զորավարժություններ և ոչ թե զինվորական հեղաշրջում՝ կառավարության տապալման համար:









































