Քանի որ որոշ ԲՀԿ-ականներ փրփուրը բերաններին հերքում են «Հրապարակ»-ի երեկվա լուրը, թերթը որոշ մանրամասներ է ներկայացնում երեքշաբթի օրը «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքի մասին: Այն տևել է մոտ կես ժամ. Ծառուկյանը ԲՀԿ ակտիվին տեղեկացրել է, որ բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ` նրան սատարելու շուրջ, շարունակվում են, մոտ օրերս իրենք ևս մեկ անգամ կհանդիպեն ու կորոշեն իրենց անելիքը: Ասել է, որ ԲՀԿ-ն ունի 3 տարբերակ. նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, սատարել Սերժ Սարգսյանին, գրավել չեզոք դիրք` դաշտն ազատ թողնելով:
«Շեֆը հակված էր Սերժ Սարգսյանին սատարելու տարբերակին»,- ասաց հավաքի մասնակիցներից մեկը: «Իսկ եթե այնպես ստացվի, որ ԲՀԿ-ն որոշի ինքնուրույն գնալ, ո՞վ է լինելու ձեր թեկնածուն» հարցին պատասխանեց. «Բացառապես ինքը` Ծառուկյանը, ուրիշ ոչ մեկը, խոսք լինել չի կարող ոչ Օսկանյանի, ոչ էլ Քոչարյանի մասին: Բայց դե, Ծառուկյանն անչափ ջերմ էր խոսում Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մոմենտով»:
Ջերմ մթնոլորտն անքան է տպավորել ԲՀԿ-ականներին, որ նրանք չեն առարկել «շեֆին»: Իսկ Վարդան Օսկանյանը, մի քանի րոպեանոց ելույթ է ունեցել` «ոչ նալին, ոչ մեխին» տարբերակով, ինչն էլ զարմացրել է ԲՀԿ-ականներին, որովհետև մինչ այդ քաղխորհրդում հնչած նրա ելույթները շանթ ու կայծակ են եղել: Ծառուկյանն այդ հավաքի ժամանակ խոսել է նաև 6 նախարարական պորտֆելների` կառավարության երեսուն տոկոսն իրենց տալու մասին, սակայն ոչինչ չի ասել վարչապետի մասով: Ներկաները լավ չեն «ջոկել», թե ինչու: Սակայն լավատեղյակները պնդում են, որ «Բարգավաճն» ստիպված կլինի զիջումների գնալ, որովհետև եթե Եվրասիական միության և երկու միլիարդի հարցը լուծվեց, Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի:







































