Հալեպ-Թուրքիա ցամաքային ճանապարհը փակ չէ, բայց այս սահմանային շրջաններումթեժ բախումներ են տեղի ունենում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Հալեպ-Թուրքիա սահմանը փակ է:
Նա հստակեցրեց, որ սահմանը փակ չէ, բայց մարդիկ կամ պետք է զգուշանան այդ սահմանով անցնել, կամ պետք է իրենց կյանքը վտանգելով` փորձեն գնալ: Ըստ Ժիրայր Ռայիսյանի՝ մի շարք սահմանային ճանապարհներ պարզապես սառեցված են, իսկ մնացածներում բախումներ են տեղի ունենում:
«Այսինքն՝ սահմանն ազատ է, ոչ մեկ արգելք չի դնում, բայց արկածախնդրություն է նման ճանապարհով գնալը: Կան սահմանային շրջաններ, որոնցում թեժ բախումները շարունակվում են:Այդ շրջաններում կան շենքեր, որոնք ազատբանակայիններիտրամադրության տակ են: Կրակոցների մեջ ո՞վ կհամարձակվի հատել սահմանը: Հնարավոր չէ որևէ սահման ապահով անվանել»,- մեկնաբանեց Ժ. Ռայիսյանը՝հավելելով, որ ցամաքային ճանապարհն այլ դժվարություններ ևս ունի:
Ժիրայր Ռայիսյանի համոզմամբ՝ ապահով ճանապարհը երկրից օդանավով դուրս գալն է, բայց օդակայան ապահով կերպով հասնելը ևս խնդիր է:Նա հավելեց, որ դեպի օդանավակայն երկու ճանապարհ կա, ուստի կարելի է ազատ ճանապարհ գտնել:
Խոսելով այսօր Հալեպում բախումների ինտենսիվության մասին՝ նա ասաց, որ պակասել են կրակոցները, պայթյունները, իսկ հայաշատ թաղամասերում ծանր բախումներ չկան, համենայնդեպս` ձայներ չեն լսվում:
«Սա չի նշանակում, որ իրավիճակը կարգավորվել է, բայց այսպես շարունակվելու դեպքումմարդկանց մեջ հույս կարթնանա»,-նշեց Ժիրայր Ռայիսյանը:








































