Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Վրաստանին աջակցող բանաձև է ընդունել: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին.
«Դա Վրաստանի աջակցության մասին շատ կարևոր փաստաթուղթ է: Բանաձևում առաջին հերթին ընդգծված է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Վրաստանում ստեղծված նոր իրողությունը՝ օկուպացիան և ներկայիս ստատուս-քվոն, որոնց օրինականացումը պահանջում է Ռուսաստանը: Փաստաթղթում Ռուսաստանից պահանջվում է դադարեցնել Վրաստանի տարածքի օկուպացիան և զորքերը դուրս բերել Վրաստանի ողջ տարածքից»:
Փաստաթղթում խոսք է գնում նաև Վրաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի ակտիվ դերակատարության, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության ամրագրման գործում ԱՄՆ-ի դերի մասին: Փաստաթղթում ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ձգտման հարցում:
Բանաձևի ընդունումը նախաձեռնել են կոնգրեսականներ Բիլ Շուստերը և Էլիսոն Շվարցը, այն ընդունվել է միաձայն:









































