Մինչ Հայաստանում փորձագիտական և քաղաքական շրջանակները փորձում են գնահատել ու վերլուծել, թե ինչու ՌԴ նախագահ Պուտինն այդպես էլ չայցելեց Հայաստան, անգամ՝ ՀԱՊԿ զորավարժությունների առիթով, Պուտինը աշխատանքային այցով երեկ ժամանել է Ղրղըզստան: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ Պուտինը Բիշքեկում քննարկելու է Ռուսաստանի ռազմաբազայի տեղակայումը մինչև 2032 թվականը երկարաձգելու, ինչպես նաև Ղրղըզստանի մոտ կես միլիարդ դոլար պարտքը դուրս գրելու հարցերը: Սա շատ ուշագրավ է այն իրողությունների ֆոնին, որ առկա են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում:
Փաստորեն, Մոսկվան փորձում է կես միլիարդ դոլար պարտքը դուրս գրելով՝ շահագրգռել և համոզել Բիշքեկին, որ երկարաձգի ռազմաբազայի մասին պայմանագիրը, կամ պարզապես այդպիսով փորձում է շնորհակալություն հայտնել Բիշքեկին պայմանագիրը երկարաձգելու համար:
Հայաստանի պարագայում ռուսական ռազմակայանը ոչ միայն անվճար է գտնվում Հայաստանում, ոչ միայն անվճար է երկարաձգվում դրա տեղակայման ժամկետը, ինչի մասին համաձայնագիր ստորագրվեց 2010 թվականին, այլև Հայաստանը նույնիսկ իր վրա է վերցրել ռուսական ռազմակայանների կոմունալ ծախսերը: Եվ սա այն դեպքում, որ Ռուսաստանը Հայաստանին չներեց 100 միլիոն դոլարի պարտքն անգամ՝ դրա դիմաց գանձելով հայաստանյան ձեռնարկությունները: Ռուսաստանը հրաժարվում է նաև Հայաստանին վարկ հատկացնել, ինչում փորձում էր Մոսկվային համոզել Երևանը:
Այս համեմատությունն այնքան գունեղ է, որ կարծես թե ամենևին էլ կարիք չկա պարզելու, թե ինչու Պուտինը չեկավ Հայաստան: Հայաստանը պարզապես հետաքրքիր չէ նրա համար: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը հենց Հայաստանում է: Պուտինը վերաբերմունք է ձևավորում՝ իր շահերից կամ իր երկրի շահերից ելնելով: Մինչդեռ խնդիրը այն է, որ այստեղ հետևություններ պետք է անի Հայաստանը:
Միայն ու միայն Հայաստանն է մեղավոր, որ դադարել է հետաքրքրություն ներկայացնել Մոսկվայի համար և թույլ է տվել իր հետ այդպես վարվել: Ի վերջո, Հայաստանի իշխանություններն են գնացել Մոսկվայի հետ նվաստացուցիչ, Հայաստանից, ըստ էության, միակողմանի զիջումներ պահանջող գործարքների: Այս ամենը ներկայացվել է իբրև հանուն Հայաստանի անվտանգության կատարվող քայլեր, բայց իրականում այդ քայլերը պայմանավորված են եղել միմիայն սեփական իշխանական դիրքերի և այդ դիրքերը որպես անձնական հարստության միջոց ծառայեցնելու հնարավորությունների անվտանգությամբ: Այդ շահագրգռությունների արդյունքում է Հայաստանը հանձնվել Ռուսաստանին՝ կորցնելով ինքնիշխանությունն ու զարգացման հեռանկարները:










































